ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով հունվարի 22-ին ժամանել է Ֆրանսիա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունի, Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ, ինչի վկայությունն են բոլոր մակարդակների երկկողմ ակտիվ շփումները։
Հանրապետության Նախագահը և Փարիզի քաղաքապետը ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները թե՛ Փարիզում և թե՛ Երևանում' ընդգծելով գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցությունը, որում, ըստ Նախագահի, մեծ է քաղաքապետ Անն Իդալգոյի անձնական ներդրումը։ Նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձ վստահությունը, ինչպես նաև տիկին Իդալգոյի՝ Հայաստան կատարած այցերի տպավորությունները կնպաստեն Երևանի ու Փարիզի միջև առավել համարձակ և առարկայական ծրագրերի իրականացմանը։
Հանրապետության Նախագահը շնորհավորել է քաղաքապետին' Փարիզը «Հորիզոն 2020»-ի շրջանակներում Եվրոպայում ամենանորարար, ամենաստեղծարար քաղաքը ճանաչվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, թե տեղյակ է, որ Փարիզի ու Երևանի քաղաքապետարանների միջև գրեթե ամենօրյա սերտ շփումներ կան, և որ Փարիզը պատրաստակամ է Երևանի հետ կիսելու իր լավագույն փորձն, ու արդեն կան այդ պատրաստակամության շատ որոշակի դրսևորումներ:
Անն Իդալգոն դրվատանքով է խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին' Նախագահին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «ԹՈՒՄՈ»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։
Սերժ Սարգսյանը, հանդիպման պատեհ առիթով, քաղաքապետ Անն Իդալգոյին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին: Փարիզի քաղաքապետը շնորհակալությամբ և սիրով ընդունել է հրավերը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է և ջերմությամբ է իր պատմության էջերում պահում այն անունները, որոնք հաղորդակից են իր խնդիրներին։ Այս համատեքստում Նախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին հայերին հուզող խնդիրների և փարիզաբնակ հայերի հանդեպ նրա կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և զգայունության համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը և Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներին:
Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ
Հարգելի՛ տիկին քաղաքապետ, հայ ժողովրդի սիրելի՛ բարեկամ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու այստեղ՝ Փարիզի քաղաքապետարանում, որն իր ճարտարապետական կատարելությամբ կարող է զարդարել մշակութային հարուստ ավանդություններ ունեցող՝ աշխարհի ցանկացած երկիր: Իրոք, հուզիչ է ելույթ ունենալ, հանդիպել հայրենակիցների հետ այնտեղ, որտեղ հարյուրամյակներ շարունակ աշխարհի ամենահմայիչ քաղաքներից մեկի՝ Փարիզի պատմությունն է կերտվել, , որտեղ մշտապես հյուրընկալվել են ժամանակների ականավոր դեմքերը, քաղաքական գործիչները, մտավորականներն ու արվեստագետները:
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ նաև այս ջերմ մթնոլորտում ձեր ներկայության համար։ Նաև շնորհիվ ձեզ եմ մշտապես հպարտություն զգում այս երկիր այցելելիս։ Ի դեմս ձեզ՝ ֆրանսահայությունն իր աշխատասիրությամբ, մտավոր ներուժով և արժանապատիվ կեցվածքով ուրույն տեղ ունի այս քաղաքի, այս երկրի բարգավաճման գործում։ Ամեն անգամ այցելելով Փարիզ և Ֆրանսիայի այլ հայաշատ վայրեր՝ նորովի եմ բացահայտում, թե որքան խորն են մեր պատմական կապերը:
Ինչպես ասում էր ֆրանսիացի ժողովրդի ականավոր զավակ Վիկտոր Հյուգոն.«Փարիզն իր դռներն է բացում, և ժողովուրդներն այստեղ գալիս են ՝ գերված հսկա մագնիսով»։ Այդ մագնիսը հենց ֆրանսիացի ժողովուրդն է, որի հյուրընկալ ու մարդասեր ոգին ևս մեկ անգամ իրեն դրսևորեց, երբ հնարավորություն տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներին հանգրվանել այս հրաշալի երկրում։
Շնորհակալ ենք, տիկի՛ն քաղաքապետ, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ֆրանսահայությունը, փարիզահայությունը վայելում է Ֆրանսիայի իշխանությունների հոգածությունը։
Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ մեկ անգամ ևս դրվատանքի խոսքեր ասել այստեղ ներկա ու բացակա իմ հայրենակիցներին, որ մեր կողքին էին ավերիչ երկրաշարժի, Արցախյան պարտադրված պատերազմի օրերին, որ մեր կողքին են նաև այսօր՝ մեր երազանքների Հայրենիքը կերտելու օրերին: Ձեր ներկայությունը, սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրում շատ տեսանելի է։
Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների աճը, նորարարական գաղափարների իրագործումը։
Տիկի՛ն քաղաքապետ,
Շատ շնորհակալ եմ Ձեր և՛ գործերի, և՛ խոսքերի համար' կապված Թումոյի հետ: Գիտեք, Երևանը, Փարիզից շատ բան է սովորել և շատ բան է ընդօրինակել: Թող մի բան էլ Փարիզը Երևանից ընդօրինակի: Մենք դրա համար շնորհակալ ենք: Տարեցտարի մեծանում է նաև Հայաստանի միջազգային ներգրավվածությունը՝ որպես կայուն ու վստահելի գործընկեր, ամրապնդվում են առկա կապերն ավանդական գործընկերների հետ։ Այս առումով, իհարկե, նշանակալի էր 2017 թվականի նոյեմբերին Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի լիարժեք կյանքի կոչումը մեզ համար առաջնային հանձնառություն է։
2018 թվականը կարևոր տարի է մեզ համար, և ի թիվս այլ իրադարձությունների՝ այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը, Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ աշնանը հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Իհարկե, այս բոլոր միջոցառումներն էլ շատ կարևոր են մեզ համար, բայց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը յուրատեսակ կարևորություն ունի Հայաստանի համար, որովհետև այն իր ընդգրկմամբ թերևս ամենածավալուն իրադարձությունն է և վկայում է մեր երկրի հանդեպ աշխարհի կեսը միավորող այդ կառույցի հավաքական վստահության ու հավատի մասին: Սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս հիշարժան միջոցառումներին: Մենք դրա համար միայն ուրախ կլինենք: Եվ շատ շնորհակալ եմ, տիկի՛ն քաղաքապետ, որ Դուք համաձայնեցիք գալ ու մասնակցել գոնե այդ միջոցառումներից մեկին:
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել նաև Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի միջև, որի շրջանակներում մշտապես աջակցություն է ցուցաբերվում Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը:
Հարգելի՛ տիկին Իդալգո,
Ես մեծապես կարևորում եմ այն համագործակցությունը, որ ծավալվում է մեր երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով։ Յոթ տասնյակից ավելի փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերը զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում մեզ համար ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև արժեքներ փոխանցելու կարևորություն ունեն:
Իհարկե, հետամուտ ենք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում եվրոպական նորմերի ու չափանիշների ներմուծմանը, մեր քաղաքներն ավելի գեղեցիկ, բնակիչների և հյուրերի համար ավելի հարմարավետ դարձնելուն։ Ուրախ եմ, որ 2017 թվականին Փարիզը ճանաչվել է Եվրոպայի ամենաստեղծարար քաղաքը՝ «Հորիզոն-2020» ծրագրի կողմից: Վստահ եմ, որ մեր մայրաքաղաքը սովորելու շատ բան ունի Փարիզից թե՛ լավ կառավարման փորձի թե՛ նոր տեխնոլոգիաների և թե՛ բնապահպանական ծրագրերի ներդրման առումով: Իհարկե, երբեք Երևանը Փարիզ չի լինելու, բայց շատ-շատ բաներ մենք ժամանակի ընթացքում վերցրել ենք և շարունակելու ենք վերցնել, և որպեսզի մեր հինավուրց մայրաքաղաքները մշտապես իրար օժանդակեն, օգնեն' մեր շփումները պետք է լինեն երկարատև, պետք է լինեն հավերժ, որովհետև շփումներով են ամրապնդվում բարեկամությունը, համագործակցությունը, շփումների ժամանակ է, որ ծնվում են նոր գաղափարներ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Քիչ առաջ մենք տիկին քաղաքապետի ընդունարանում կարճ զրույց ունեցանք, և այդ հանդիպման ժամանակ ես տիկին քաղաքապետին ասացի, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է և իր պատմության էջերում միշտ ջերմությամբ է պահում այն մարդկանց, ովքեր հաղորդակից են լինում մեր խնդիրներին: Տիկին Իդալգոն այդ մարդկանցից մեկն է, և ես առաջարկում եմ բոլորս միասին ծափահարենք տիկին քաղաքապետին նրա ջերմության, նրա զգայունության և մեր ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի համար: