Մենք ուսումնասիրում ենք ընդհանուր գնաճային ֆոնը նախորդ տարիների համեմատությամբ և տարածաշրջանի համեմատությամբ: 2017 թ. մեզ մոտ միջին գնաճային ֆոնը եղել է 1 %, իսկ 12-ամսյա ժամկետում գնաճը եղել է 2.6 տոկոս: ԱՊՀ տարածքում միայն Ռուսաստանն է, որ ունի այդպիսի ցածր գնաճային ֆոն, մյուսների դեպքում 6 %-ից բարձր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Դիտարկմանը՝ ի՞նչ պետք է անի քաղաքացին, որպեսզի սովից չմահանա, Արամյանը նշեց. «Եթե այդպես է, ես ուզում եմ հիշեցնել 2010-2011 թվականը, երբ առա էր 7%-ից բարձր գնաճ: Ի՞նչ եղավ, մարդիկ մահացա՞ն: Մեր խնդիրն, այո՛, մեր ազգաբնակչության սոցիալապես խնդիրներ ունեցողներին թիրախավորելն է»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ մեր երկրին պետք են ներդրումներ, ընդ որում, մասնավոր հատվածի ներդրումներ, որպեսզի տնտեսական աճը կայուն լինի. «Ընթացիկ տարում մենք պետք է տեսնենք՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ներդրումներ բերել: Այնպես չէ, որ դրանք մեկ տարվա ընթացքում են տեղի ունենալու: Մեզ պետք է առնվազն 5 % տնտեսական աճ՝ դյուրին կերպով այդ հարցերը լուծելու համար», - նշեց նախարարը։
Նախարարը նաև նշեց, որ վիճարկելի է համարում հարցը, թե վերջին շրջանում նկատվող թանկացումները շղթայական նոր թանկացումների պատճառ կդառնան։
Հարցին` ո՞ր վարչապետի գործունեությունն է հանգեցել երկրում նման ոչ կայուն տնտեսական վիճակի՝ նախարարը նշեց. «Թերություններ գուցե եղել են, բայց չեմ կարծում՝ որևէ վարչապետի մասով սխալ քաղաքականություն է վարվել: 2014 թվականից այս կողմ՝ մենք պարտադրված բախվել ենք բացասական իրավիճակների հետ»,- նկատեց Արամյանը:
Տեսանյութը՝ armlur.am-ի.