«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին հանձնելու առաջարկով: Այս մասին ասվում է միության ղեկավար Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:

«Այս տարի մեր կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից) Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ եւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:

 

Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին»,- ասվում է հայտարարության մեջ: Նա նշել է, որ  Փայլանի կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ: «Եւ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը»,- նշել է Օհանյանը:

Նա դիմել է բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաեւ մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ նախաձեռնությանը եւ ձայնը տալ Կարո Փայլանին: Բացի այդ, նա հորդորել է ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի եւ մարդկային իրավունքների պաշտպանի:

Հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 30-ն է: