Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության  նշանակությունը:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի և մեր տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Շատ կարևոր է, որ մեր միջև որևէ խնդիր չկա և մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը», - նշել է Սինգապուրի փոխվարչապետը:

Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել  է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարևորվել է նաև կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը:  «Մենք  շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի  համագործակցությունը  կարող է  նպաստել առևտրի ու ներդրումների աճին և փոխշահավետ  ծրագրերի իրականացմանը», - նշել է  վարչապետը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը վերացնելու կարևորությունը և գոհունակությամբ նշվել է, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, և Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը: