Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու վերաբերյալ վեհաժողովի պատգամավորների առաջարկների բովանդակությունը: Արփինե Հովհաննիսյանը թեմայի վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն և օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կամ անտեսվում են, կամ՝ գոյություն չունեն: «Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլև խոչընդոտ հասարակության պատշաճ և հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն»,- գրել է Հովհաննիսյանը:
Նա հայտնում է, որ որպես լուծում հեղինակն առաջարկում է, որ խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի՝
ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը, ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր ստեղծելու միջոցով: «Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝ սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, համաձայնեցված կանոնները խախտելու համար նախատեսել խիստ պատժամիջոցներ»,- եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը: