ԵԽԽՎ ելույթում գլխավոր ինտրիգն այն էր, թե ինչ մեսիջներ կհղի նախագահ Սարգսյանը ապրիլից հետո իր հետնախագահական ծրագրերի մասով: Այդ կարևոր հարցը, սակայն, ելույթի համատեքստում շարունակեց մնալ անորոշության շրջանակում: Իհարկե, սկզբունքորեն պարզ է, որ ԵԽԽՎ-ն ամենևին այն կառույցը չէ, որին առանձնապես հետաքրքրելու էր Սերժ Սարգսյանի հետնախագահական պլանը, սակայն, այնուհանդերձ, այդ ամբիոնը պետք է արտացոլեր Սերժ Սարգսյանի որոշակի տեսադաշտը մոտ ապագայի համար:
Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա՞ պետության ղեկավար պաշտոնների չհավակնելու իր խոսքին, և արդյո՞ք դա առհասարակ հետաքրքրում է Եվրամիությանը։ Ամենայն հավանականությամբ, եվրոպացիները մտավախություն ունեն՝ եթե Սարգսյանը մնա վարչապետի պաշտոնում, ապա ապրիլից հետո Հայաստանի բարեփոխումների ընթացքը ոչ թե արագություն կհավաքի, այլ ավելի կդանդաղի: Հնչած հարցերից մեկից պարզ դարձավ, որ արևմտյան գործընկերներն, այնուամենայնիվ, ուշադրություն դարձնում են Սարգսյանի՝ ապրիլից հետո երկրի ղեկը թողնելու խոստմանը, որովհետև մեղմ ակնարկեցին՝ դուք ձեր 10 տարին ղեկավարեցիք և ի՞նչ հաջողություններ ունեցաք։ Դա ցույց է տալիս, որ մարդիկտեղյակ են, որ Սերժ Սարգսյանը թույլատրելի երկու ժամկետ արդեն եղել է երկրի նախագահ։ Միևնույն ժամանակ, նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանը, որովհետև դժվար թե կարողանա որևէ մարդ գտնել, որը պատշաճ ձևով կղեկավարի երկիրը, միաժամանակ՝ կլինի իր ազդեցության տակ։
Սարգսյանն ընդգծեց այն, որ կարևոր դերակատարում է ունենալու նաև ապրիլից հետո, և նրա պատասխանները բարեփոխումների մասով հենց դա էին առանցքում պահում։ Նախագահը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու ֆունկցիա ունի և շարունակելու է պայքարել։ Եվ ակնհայտ է, որ նա նկատի չուներ պայքարը՝ մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում: Նա խոսում էր երկարատև պայքարի մասին, հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման մասին։ Հակակոռուպցիոն այդ նոր կառույցի անդամները չեն ենթարկվելու իշխանության որեւէ օղակի, իսկ ֆինանսավորումը լինելու է բյուջեից: Այս հարցում որոշիչ է լինելու ներիշխանական պայքարում ստատուս-քվոյի պահպանումը կամ տրանսֆորմացիան, այդ պայքարը հուշում է, որ ստեղծվելիք կառույցը պարզապես դառնալու է գործիք՝ ներիշխանական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Այլ բան է, թե ում ձեռքում կհայտնվի այդ գործիքակազմը: ԵԽԽՎ-ում Սարգսյանը որոշակի լույս սփռեց այս հարցի վրա: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ ներիշխանական խուլ պայքարի պրիզմայի ներքո այս պայքարը կընթանա ոչ իբրև դասական պայքար կոռուպցիայի դեմ, այլ, ամենայն հավանականությամբ, այլ կլինի պայքար քաղաքական հակառակորդների դեմ: Այդ հակակոռուպցիոն կառույցն անթերի կաշխատի, երբ Սարգսյանին հարկ լինի որևէ հարց լուծել իր համար անցանկալի որևէ պաշտոնյայի գործունեության մասով: Այսինքն՝ հակակոռուպցիոն կառույցը կլինի յուրօրինակ ներքին մահակ, որի «անկախությունը» կատարյալ կլինի Սարգսյանի համար անհրաժեշտ իրավիճակներում՝ անկախ վերջինիս զբաղեցրած պաշտոնից:
Ստելլա Խաչատրյան