Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հարցին, թե 2018թ. նախագահի լիազորությունների ավարտից հետո որտեղ է շարունակելու իր գործունեությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այդ հարցը իշխող կոալիցիան դեռ չի քննարկել: «2018 թվականը կգա` բարին հետը: Կքննարկենք, կպատասխանենք: Պարոն Նախագահը իր վերջին հարցազրույցում բոլոր հարցերին շատ ուղիղ և հստակ պատասխանը տվել է: Նա խոսել է Հայաստանի բոլոր մարտահրավերների մասին, նաև ասել է, թե ինչ է լինելու 2018թ.: Իսկ ի՞նչ է լինելու. ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ շարունակելու է կառավարել մինչև 2022թ.: Թե ով որտեղ է աշխատելու, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կհավաքվեն, կքննարկեն, կասեն: Դեռ չենք հավաքվել, չենք քննարկել: Հենց հավաքվենք, քննարկենք, ես ձեզ կասեմ»,-նշեց Շարմազանովը:

Հարցին, ինքն ուզո՞ւմ է, որպեսզի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ. զբաղեցնի վարչապետի պաշտոնը, Շարմազանովը պատասխանեց.  «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում գործող պետական քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու  և  ճիշտ լուծումներ տալու աշխատանքը, քան  Նախագահ Սերժ Սարգսյանը»:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե անփոխարինելի մարդիկ չկան: «Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ. կան անփոխարինելի լրագրողներ, նկարիչներ, մարզիկներ, քաղաքական գործիչներ: Ինձ համար, օրինակ, Վահան Հովհաննիսյան քաղաքական գործիչն անփոխարինելի է, և մենք նրա կարիքն ունենք»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: «Ինձ համար կրկնակի պատիվ է լինել հայրենիքի զինվոր, պետության զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Ես նրա ղեկավարած քաղաքական թիմի անդամ եմ, և շնորհակալ եմ պարոն նախագահին, որ կարող եմ իմ մի փոքր ներդրումն ունենալ պետականաշինության գործում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդը: «Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր: Ես բոլորին շատ սիրում և հարգում եմ, բայց կարծում եմ օբյեկտիվորեն այդպես է բոլորի համար: Թե Կարեն Կարապետյանի, թե իմ, թե Վիգեն Սարգսյանի, թե Տարոն Մարգարյանի և մնացածի համար մեր կուսակցության լիդերը Սերժ Սարգսյանն է: Իսկ թե 2018թ. նա ո՞ր պաշտոնում կլինի, կլինի՞,  թե չի լինի, 2018 թվականը կգա, մենք կքննարկենք, ինչպես մեր երկրի համար ավելի արդյունավետ կլինի, այնպես էլ կորոշենք»,- եզրափակեց Շարմազանովը:

2018թ․ ապրիլից, երբ կավարտվեն ՀՀ գործող նախագահի լիազորությունները, Հայաստանն անցում կկատարի կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։ Մինչ այդ խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի։ Վարչապետի թեկնածու կարող են ներկայացնել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը։ Խորհրդարանում վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: