Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու վերաբերյալ հարցին: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահն ընդգծել է, որ իր որոշման մասին հայտարարելու ժանանակը դեռ չի եկել: Նա նշել է, որ իր որոշումը պայմանավորված է լինելու տարբեր գործոններով. «Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել»,-նշել է ՀՀ Նախագահը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018թ. զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ ՀՀ Նախագահը պատասխանել է, որ Կարեն Կարապետյանի ցանկությունը շատ լավ ցանկություն է՝ առողջ, տրամաբանված: «Ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել, Ձեզ նկատի չունեմ, ես փնտրողներին, նկատի ունեմ։ Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին»,- ասել է Նախագահ Սարգսյանը։
Հարցին, հոգնածություն զգո՞ւմ է կամ զգո՞ւմ է, որ նոր շնչառություն է բացվել իր մոտ, ՀՀ Նախագահը պատասխանել է. «Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները, իմ աշխատողունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։ Ես ինձ նորմալ եմ զգում»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե, դատելով վերջին ամիսների ծրագրից, ինքը նման չէ պաշտոնյայի, ով պատրաստ է եզրափակել քաղաքական կարիերան, Նախագահ Սարգսյանը պատասխանել է․ «Պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտավորությունները, որը դու կամովին ես ստանձնել։ Վերջ ի վերջո որևէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ, և իրոք պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի՝ որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ»:
Հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ քաղաքականության մեջ, Նախագահը կարճ պատասխան է տվել՝ «Տեսնենք»: