Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Կառավարություն՝ մասնակցելու գործադիրի այսօրվա նիստին: Բացման խոսքում նախագահն ընդգծեց, որ ժողովուրդը հավատում և վստահում է Կարեն Կարապետյանին և նրա ղեկավարած կառավարությանը՝ նրանց մաղթելով հաջողություն՝ իրենց սպասվող դժվարին ուղում: 

Նախագահը ելույթից հետո հեռացավ Կառավարության նստերի դահլիճից: Նրա հետ միասին նիստերի դահլիճից հեռացավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Կառավարության միջանցքում լրագրողները հարց ուղղեցին Նախագահ Սերժ Սարգսյանին՝ արդյոք ի՞նքն է լինելու 2018 թվականից հետո Հայաստանի վարչապետը: Հարցին ի պատասխան՝ Նախագահն արձագանքեց. «Չէիք լսո՞ւմ, նոր վերևում այդ մասին ասում էի»:

Հիշեցնենք, որ «վերևում»՝ Կառավարության նիստերի դահլիճում, Նախագահն իր ելույթում ընդգծեց, որ հավատում է, որ Կարեն Կարապետյանը կարող է արդարացնել ժողովրդի վստահությունը և նրան այդ դժվարին ճանապարհին հաջողություն մաղթեց: