Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեի ռազմական հարցերով բարձրագույն խորհրդական, գեներալ մայոր Յահյա Ռահիմ Սաֆեվին հայտարարել է, որ թուրք և ամերիկացի զինվորների առկայությունը Սիրիայի տարածքում հանդիսանում է Սիրիայի ինքնիշխանության խախտում:
Թուրքական «Habeler» լրատվական կայքը, հղում անելով Իրանի պաշտոնական «IRNA» լրատվամիջոցին, նշում է, որ իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ այս նոր լարված իրավիճակը Սիրիայում առաջին հերթին ԱՄՆ-ի օգտին է:
«Այս տարվա ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարությունը տարածաշրջանում բախումային իրավիճակի պահպանումն է: ԱՄՆ-ն ցանկանում է 30 հազարանոց զորախումբ ստեղծել Թուրքիայի հարավում և Իրաքի քրդերի համար ինքնիշխան տարածք ստեղծել: Մյուս կողմից քրդերը հասկանում են, որ իրենք պետք է դուրս գան Միջերկրական ծով և այդ իսկ պատճառով օկուպացրել են Աֆրինը: Քրդերի նման քայլը հանդիսանում է Սիրիայի ինքնիշխանության խախտում: Մեր կարծիքով Սիրիայի ինքնիշխանության և իրավական խախտում է հանդիսանում նաև Սիրիայում ամերիկացի և թուրք զինվորների գտնվելը: Սիրիան դա չի հանդուրժելու»,-ասել է Սաֆեվին: