Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ հայտարարությունը սուր չի համարում: Այս մասին փետրվարի 14-ին Ռուբինյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով հայտարարությունը «սուր» համարող հարցադրումներին:
«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությունը չափազանց սուր էր։ Կարծում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության ու դրդապատճառների տրամաբանությունը։ Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը մեզ համար շատ կարևոր էր, որովհետև սա առաջին հերթին ուղղված էր այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելուն, նաև Սիրիայում ապրող ժողովուրդների անվտանգությունն ապահովելուն: Սա աշխարհաքաղաքական, քաղաքական կամ ռազմական առաքելություն չէ, սա բացառապես հումանիտար քայլ է»,- ասաց Ռուբինյանը։
Լրատվամիջոցները փետրվարի 13-ին տեղեկատվություն են տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անունից, որում ԱՄՆ պետքարտուղարությունն իր վերաբերմունքն է հայտնել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ։