Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ:
Վերջինս տեղակայվեց Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով 2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը:
«Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արևելյան սահմաններին իրավիճակի հետագա սրացման նշանակալի վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը:
Այսուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձևավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, և տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն ևս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ:
Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի իշխանությունների կողմից, այլև հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ:
Այսպիսով, 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: Հայկական կողմը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,-նշված է հիմնավորման մեջ: