Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում նոյեմբերի 26-ին ներկայացվել է Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգախոսը և քննարկումների հիմնական թեմաները։
Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ը, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։
«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հաստատեց որպես Երևանյան գագաթաժողովի կարգախոս։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ կարգախոսը դրվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկվելիք նոր հիմնարար փաստաթղթի՝ Երևանյան պակտի հիմքում։ Նախարարի խոսքերով, Երևանյան պակտը կարտացոլի համընդհանուր արժեքները՝ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարը այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը։
Նախարարական համաժողովի մասնակիցները դիտեցին Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։
Երևանյան գագաթաժողովի և կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետների, գագաթաժողովի խորհրդանիշի, նշանաբանի և քննարկումների հիմնական թեմաների վերաբերյալ Հայաստանի առաջարկությունները միաձայն հավանության արժանացան Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների կողմից»։