Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների  պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին:

Քննարկմանը ներկա հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:

 

Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը հայտնեց, որ ինքը հանձնաժողովի նիստում  կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ իրենք կոնցեպտուալ առումով կողմ են փոփոխություններին: «Մենք լիագումար նիստի ընթացքում կներկայացնենք մեր առաջարկները և կարտահայտենք մեր դիրքորոշումը քվեարկության միջոցով»,-  ասաց նա:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ևս կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Ես նույնպես առաջարկում եմ, որպեսզի բոլորը կողմ քվեարկեն նախագծին, որպեսզի հաջորդ ընտրական ցիկլը լինի վստահելի և երաշխավորված բոլոր խնդիրների հաշվառմամբ, որ մենք քննարկեցինք»,- նշեց Կոստանյանը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բխում են այն պահանջներից, որոնք ձեւավորվել են դեռ ապրիլ–մայիս ամիսներին հեղափոխության ժամանակ։