ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն՝ ԱԽ-ն գլխավորելու է ՀՀ վարչապետը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: «Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունելու է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները, սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը, կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը, կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
Ըստ նախարարի՝ ԱԽ աշխատակազմը հարնային ծառայություն է լինելու, սակայն առանձին դեպքերում կարող են հրավիրվել նաև փորձագետներ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:
Մինչ 2015-ի սահմանադրական փոփոխությունները՝ 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության խորհուրդ կազմավորում էր Հանրապետության Նախագահը և նախագահում այն:
Միաժամանակ, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի և ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: