Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել և գործող օրենքի դրույթները տարածել նաև իրավաբանական անձանց վրա: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել:
«Քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է, որ առանց քննարկումների, առանց բոլոր մասնակիցների, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմեր ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ ցիկլը պետք է անցնենք, քննարկենք առևտրային բանկերի, ձեռնարկությունների հետ, որից հետո նոր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք Ազգային Ժողով' չնայած փաստարկների հետ մենք համաձայն ենք»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նախագծի նկատմամբ գործադիր մարմնի եզրակացության մեջ նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում հարկ է նկատի ունենալ երկու կարևոր հանգամանք. իրավաբանական անձանց բանկային ավանդների պաշտպանվածության հետ զուգահեռ, իրավաբանական անձանց ավանդների հատուցման ենթակա ավանդների կազմում ընդգրկումը կհանգեցնի բանկերի կողմից ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին կատարվող երաշխիքային վճարների ծավալների ավելացման, ինչն ի վերջո լրացուցիչ ֆինանսական վճարների պատճառ կհանդիսանա Հայաստանի իրավաբանական անձանց համար:
«Պարտադիր վճարի՝ օրենքով ներմուծման յուրաքանչյուր դեպք պետք է լայնորեն ու մանրամասն քննարկվի շահագրգիռ և գործարար լայն շրջանակների հետ՝ ինչպես համանման դեպքերում վարվում է ՀՀ կառավարությունը: Բացի դրանից, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ռիսկերը հավասարակշռելու տեսանկյունից չի բացառվում մեր աշխավորման ծածկույթի վերանայման անհրաժեշտությունը' նվազման ուղղությամբ, ինչը կնշանակի համակարգի նկատմամբ վստահության նվազում»,- ասված է հիմնավորման մեջ: