Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում, որը գործատուին հնարավորություն կտա աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաեւ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը։

Այսինքն՝ օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում, որը, ի տարբերություն առաջարկվող փոփոխության, ենթադրում է ոչ թե մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այլ պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու եւ համապատասխան կարգապահական տույժերի առկայության դեպքում միայն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում»,- ասաց նա։

Ըստ նախարարի, նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել ու ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների առանց հարգելի պատճառի չկատարելը:

Կան աշխատանքային գործունեության ոլորտներ, որտեղ մեծ ցանկության դեպքում անգամ, հնարավոր չէ ամբողջությամբ աշխատողի համար հստակ սահմանել յուրաքանչյուր օրվա աշխատանքային պարտականությունները, չափելի եւ վերահսկելի դարձնել կատարման ընթացքը, գնահատել աշխատանքների կատարման այն տոկոսը, որի չկատարման դեպքում կհամարվի, որ աշխատողն ամբողջ աշխատանքային օրը չի կատարել իր աշխատանքային պարտականությունները: Բացի դրանից, առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը:

Հետևաբար, օրենսգրքի գործող կարգավորումն այս իմաստով առավել ընդունելի է՝ գործատուի եւ աշխատողի շահերի հավասարակշռության տեսանկյունից»:

Բաթոյանը նաև ընդգծեց, որ իրենց նախարարությունը նախաձեռնելու է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որտեղ քննարկման առարկա են դառնալու բազմաթիվ խնդիրներ։