ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով նախատեսվում է, որ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչև այս տարվա մայիսի 1-ը:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և մարտի 13-ին դրական եզրակացությամբ կքննարկվի լիագումար նիստում:
«Պետական կառավարման շահագրգիռ անդամների և «Ղեկը` աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակական քննարկումների արդյունքում մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրա ընդունումը պայմանավորված է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և Հայաստանի մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների հետագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտությամբ: Օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչ 2018-ի դեկտեմբեի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչ սույն թվականի մայիսի 1-ը»,-ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Նա շեշտեց, որ հարցը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք գնվել են 2018թ ընթացքում: Իսկ նոր գնված մեքենաներին սա չի վերաբերվում:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն առաջարկություն կներկայացնի նաև համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում, որի արդյունքում կթույլատրվի սույն օրենքի հիման վրա ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը` առանց ղեկային համակարգի տեղափոխման: