Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց անձին՝ իր ձերբակալման մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը: «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկումից ընթացքում  Հիմնական զեկուցողՀՀ արդարադատության նախարարի առաջինտեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս առաջին ընթերցմամբ նախագծի քննարկման ժամանակ մի քանի հարց է բարձրացվել, որոնց լուծում է տրվել: «Մասնավորապես, մենք առաջարկում էինք ամրագրել, որ անձը կարող է հրաժարվել ցուցմունք տալուց,  եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այդ ցուցմունքը կարող է օգտագործվել իր կամ իր հարազատի դեմ: Հարց էր ծագում, թե ով է ենթադրողը` ա՞նձը, թե՞ վարույթը իրականացնող մարմինը, որը այդ ցուցմունքը պետք է ընդունի: Մենք փոքր խմբագրական փոփոխություն ենք կատարել և շեշտել ենք, որ ենթադրողն այն անձն է, ով տալու է ցուցմունքը»,-նշեց փոխնախարարը:

 

Նա հավելեց, որ ընդունվել է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջարկը, որը վերաբերել է անձի ձերբակալման մասին նրա հարազատներին անմիջապես տեղյակ պահելու դրույթին: «Մեր առաջարկած նախագծով սահմանված էր, որ դա պետք է տեղի ունենա բացառապես քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով, սակայն Սահմանադրությամբ նման սահմանափակում նախատեսված չէ, ուստի մենք տիկին Հովհաննիսյանի առաջարկով փոփոխություն ենք մտցրել և սահմանել ենք, որ անձը իրավունք ունի հեռախոսով կամ այլ միջոցով ընտրած անձին անհապաղ տեղյակ պահել իր արգելանքի տակ պահվելու մասին: Նա իրավունք կունենա նաև տեղեկացնել իր պահվելու վայրի և հիմքերի մասին»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ ընդունվել են բոլոր առաջարկները, որոնք բարձրացվել են առաջին ընթերցմամբ նախագծի քննարկումից հետո: «Մի առաջարկ ունեմ, որը կցանկանամ հիմա քննարկման առարկա դարձնել: Խոսքն այն մասին է, որ ձերբակալված անձին պետք է անմիջապես տրամադրվեն նրա ձերբակալման բոլոր նյութերը, եթե անձը որոշում է, որ պետք է բողոքարկի իր ձերբակալման որոշումը: Այսինքն, եթե անձը որոշեց իր ձերբակալման որոշումը բողոքարկել, սակայն չունի այն նյութերը, որոնց հիման վրա ինքը ձերբակալվել է,  հետևաբար, այդ բողոքարկումը կլինի ապրիորի և չհիմնավորված, իսկ դա ենթադրում է, որ դատարանը կարող է ցանկացած պահի մերժել բողոքարկումը` այն համարելով չհիմնավորված, քանի որ բողոքարկողը իր տրամադրության տակ չի ունեցել բոլոր այն նյութերը, որոնք հիմնավոր կդարձնեին իր բողոքարկումը: Հետևաբար, ես պնդում եմ իմ առաջարկը, որ օրենքում պետք է նշվի, որ ձերբակալված անձին, եթե նա մտադիր է բողոքարկել իր ձերբակալման որոշումը, անպայման պետք է տրամադրվեն բոլոր այն նյութերը, որոնց հիման վրա ինքը ձերբակալվել է, հակառակ դեպքում ձերբակալման բողոքարկումը կդառնա ոչ արդյունավետ»,- ասաց պատգամավորը:

 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ձերբակալման մասին արձանագրությունն այսպես թե այնպես պետք է կազմվի երեք ժամվա ընթացքում, իսկ դրանից հետո մեկ ժամվա ընթացքում տրամադրվի ձերբակալված  անձին: «Այսինքն՝ անձին ձերբակալելուց 4 ժամ հետո արձանագրությունը պետք է տրամադրվի նրան»,- ասաց փոխնախարարը:

Գևորգ Կոստանյանն էլ հակադարձեց, որ ձերբակալման արձանագրության մեջ նրա ձերբակալման ամբողջական հիմքերը չկան: Պատգամավորը նշեց, որ արձանագրությունը պարունակում է ընդամենը ձերբակալման հիմքերի հիշատակում: «Ձերբակալման արձանագրության մեջ հիմքերի մասին նշում կա, սակայն հիմքերը չկան: Սակայն բողոքարկելու համար անձին հարկավոր է հասկանալ, թե, օրինակ, ում բացատրության հիման վրա են իրեն ձերբակալել, ինչ տվյալների հիման վրա են ձերբակալել, որպեսզի նա, իր ձերբակալման մասին որոշումը վիճարկելով, նաև կարողանա վիճարկել կամ կասկածի տակ դնել տվյալը կամ բացատրությունը, որի հիման վրա ձերբակալվել է, իսկ ձերբակալության հիմքերն արձանագրությունը չի պարունակում: Հետևաբար, միայն արձանագրություն տրամադրելը բավարար երաշխիք չէ ձերբակալման որոշումը բողոքարկելն արդյունավետ դարձնելու համար»,- մանրամասնեց Գևորգ Կոստանյանը:

Արթուր Հովհաննիսյանն այնուհետև ընդգծեց, որ անձը իր ձերբակալությունից անմիջապես հետո կարող է բողոքարկել ձերբակալման որոշումը` միայն շեշտելով, որ համաձայն չէ այդ որոշման հետ և պահանջելով վերացնել այն, իսկ դատարանում նրա ձերբակալման իրավաչափությունն ապացուցելու բեռը մնում է վարույթը իրականացնող մարմնի վրա:

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ դա արդյունավետ չէ, քանի որ առանց իր ձերբակալման հիմքերին ծանոթ լինելու անձը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանվել: Թովմասյանի խոսքով` եթե անձը ծանոթ լինի իր ձերբակալման հիմքերին, կարող է ընդհանրապես չբողոքարկել, քանի որ համաձայն կլինի դրանց հետ, իսկ եթե անտեղյակ է ու բողոքարկում է, դրանով հնարավոր չէ արդյունավետ համակարգ ապահովել:

Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ անձի բողոքը պետք է հիմնավոր լինի, իսկ դրա համար նա պետք է ունենա իր ձերբակալման բոլոր հիմքերը: Քննարկումների արդյունքում որոշում ընդունվեց նախագծում ավելացնել, որ անձը ձերբակալվելուց հետո, բացի իր իրավունքների և ձերբակալման պատճառների մասին տեղեկատվությունից,  վարույթը իրականացնող մարմնի կողմից պետք է ստանա տեղեկություններ իր ձերբակալման հիմքերի մասին:

Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին կատարված փոփոխություններով օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տալուն: