ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին: Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն կարևոր փոփոխության է ենթարկվել:
«Նախագծի անվանումից երևում է, թե առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո ինչ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որը լայնացնում է շահառուների շրջանակը: Եթե գործող օրենքի վերնագրում նշվում էր՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում…», այժմ այդ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանները կարող են լինել նաև ոչ պետական աջակցությամբ, և կան այդպիսի բնակարաններ: Տարբեր կազմակերպություններում բնակվում են միայնակ կենսաթոշակառուներ, որոնք նույն կարգավիճակում են, և այս փոփոխությամբ մենք հավասարեցնում ենք այդ կարգավիճակները, և թույլ ենք տալիս նաև, որ այն կենսաթոշակառուները, որոնք ոչ պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում են բնակվում, ևս օգտվեն ջրի, գազի և լույսի փոխհատուցումից»,-ասաց Գասպարյանը:
Նա նշեց, որ այս փոփոխությամբ ընդունման դեպքում ևս 17-18 շահառուներ կօգտվեն կոմունալ ծախսերի փոխհատուցումից:
Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվեն սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:
Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն' տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 19-ի նիստում ընդունվել է միաձայն՝ 90 կողմ ձայնով: