Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաեւ նպատակային ուսումնառության համար՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողներին: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո առաջարկներ չեն եղել: «Առաջարկում եմ դրական եզրակացություն տալ նախագծին և այն երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ընդգրկել առաջիկա նիստերի օրակարգում»,- ասաց Պողոսյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և առաջարկել այն ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Նախագծում նշված է, որ արտերկրում հանրակրթական կրթություն ստացող քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը։