Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով վերջինս առաջարկում է կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի առնել միաժամանակ երկու տեղ աշխատելու հանգամանքը և դա ավելացնել ստաժին:

Գործող օրենքի համաձայն' ՀՀ քաղաքացիների աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվի են առնում միայն մեկ աշխատատեղի ստաժի տարիները' մեկ օրացույցային տարվա համար հաշվարկելով միայն մեկ տարի, բացառությամբ օրենքով սահմանված մասնավոր դեպքերի: Բայց ՀՀ քաղաքացիների մեջ բավական մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք աշխատել են եւ աշխատում են համատեղության կարգով' հարկեր վճարելով ոչ միայն մեկ, այլ յուրաքանչյուր աշխատատեղից: Սակայն աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ դա անտեսվում է:

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն' աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասն աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Հիմնական կենսաթոշակի չափը եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները:

Անձի եկամուտները (աշխատավարձը) եւ դրանից կատարված վճարումները կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի չեն առնվում։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի չափի վրա ազդող միակ գործոնը անձի աշխատանքային ստաժի տեւողությունն է:

Ընդ որում, աշխատանքային ստաժի տեւողության մեջ հաշվառվում է աշխատանքի ընդունվելու օրվանից մինչեւ աշխատանքից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը՝ անկախ այդ ժամանակահատվածում համատեղությամբ աշխատելու հանգամանքից եւ անձի կողմից փաստացի կատարած աշխատանքի ծավալից։

Հարկ է նկատի ունենալ, որ աշխատանքային ստաժը հաշվարկելիս նույնական մոտեցում է ցուցաբերվում թե՛ այն դեպքում, երբ անձն աշխատում է արտաժամյա (օրինակ՝շաբաթական 60 ժամ), թե՛ այն դեպքում, երբ անձն աշխատում է կրճատ աշխատաժամանակով (օրինակ՝ շաբաթական 24 ժամ)։

Նախագծով առաջարկվող՝ աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր գնահատմամբ, էապես կբարդացնի աշխատանքային ստաժի տեւողությունը (աշխատանքային կենսաթոշակի չափը) հաշվարկելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա անդրադարձ կատարել նաեւ այն դեպքերին, երբ անձը աշխատում է աշխատաժամանակի կրճատ տեւողությամբ կամ նույն գործատուի մոտ' երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով:

Աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր կարծիքով, խնդրահարույց է նաեւ սոցիալական արդարության տեսակետից՝ հաշվի առնելով, որ այս դեպքում, օրինակ, նույն ժամանակահատվածում 0.25 դրույքով 2 դպրոցում աշխատած ուսուցիչը (ընդամենը՝ 0.5 դրույք) կկուտակի ավելի շատ կենսաթոշակային իրավունքներ, քան մեկ դպրոցում 1 դրույքով աշխատած ուսուցիչը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:
Նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված»: