Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի՝ «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողնե րին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական, ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից։

 

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է: «Դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Անընդունելի է նաև շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը' առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման: Սա շատ կարևոր է այն պատճառով, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի բացակայությունը հանգեցնում է խոշոր բիզնեսի իրական շրջանառությունների քողարկմանը»,-նշեց նախարարը:

 

Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ իրականությանը չի համապատասխանում ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավորների պնդումը, թե շրջանառության հարկի պատճառով վերջին տարիներին փակվել են 4000 ընկերություններ: «Ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում այս հարցը, այլև հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների էական չարդարացված կորստի»,- նկատեց Գագիկ Խաչատրյանը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց պատգամավորներին աշխատել կառավարության հետ՝ ՓՄՁ-ների համար բարենպաստ պայմանների ձևավորման գործում: