Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չհամարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի' Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագծով ամրագրվում է տարածքային պահանջատիրություն: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպա­տա­կա­հարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը»,- ասաց Քոչարյանը:

 

Հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:

 

Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և, ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ էհանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: