Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է արգելել կրոնական կազմակերպությունների տարածքում հավաքների անցկացումը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծի հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «Հավաքների ազատության մասին» օրենքում և հավաքն արգելելու հիմք նախատեսել նաև կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց այդ կազմակերպությունների համաձայնության հավաք անցկացնելը՝ առաջարկվող փոփոխությունը հիմնավորելով կրոնական անհանդուրժողականության վերացման եւ հասարակական կարգի պահպանության անհրաժեշտությամբ:

Զեյնալյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներից, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուղենիշներից հավաքների արգելումը կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են ապացույցներ, որ հավաքի մասնակիցները կարող են իրականացնել անօրինական գործողություններ ու կա նման գործողությունների հավանականություն:

 

«Ինչ վերաբերում է կրոնական անհանդուրժողականության վերացման նպատակով հավաքի անցկացման արգելքին, ապա «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով այն նախատեսված է որպես հավաքն արգելելու հիմք: Այսպես՝ հավաքն արգելվում է, եթե հավաքի նպատակը կրոնական ատելություն բորբոքելն է: Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանում գրեթե բոլոր եկեղեցիները ներառված են «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ հաստատված ցանկում, որոնց տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ անցկացվելիք հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ դրույթներ են նախատեսված «Հավաքների ազատության մասին» օրենքի 17-րդ հոդվածով»,-  ասաց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ելնելով վերոգրյալից՝ գտնում են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է  ու առաջարկվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը թողնել անփոփոխ: