Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխություններն առաջին հերթին պայմանավորված են Դատական օրենսգրքի ընդունմամբ և վերաբերվում են առաջին հերթին այնպիսի հարցերի, ինչպիսիք են դատավարության լեզուն, հրապարակայնությունը և պրակտիկորեն արտացոլում են Դատական օրենսգրքի կարգավորումները: «Մի առանձնահատկություն կա այստեղ: Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան՝ մենք ամրագրել ենք որոշակի փոփոխություն 135 հոդվածում, որը վերաբերվում է կալանքին՝ որպես խափանման միջոց: Նախատեսել ենք ձևակերպում, որը ավելի խորը ուսումնասիրությունից հետո պետք է ձևափոխվի: 135-րդ հոդվածի առաջին մասում նախատեսված են մի շարք գործողություններ, որոնք պետք է հիմք հանդիսանան կալանք խափանման միջոցը կիրառելու համար: Այնուամենայնիվ, մենք մտցնում ենք լրացուցիչ պայման, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ կալանքի համար միայն, եթե համապատասխան հանցագործության համար առավելագույն պատիժը գերազանցում է 1 տարի ազատազրկումը: Միաժամանակ առաջարկում ենք նաև երկրորդ դրույթը, որը մենք փորձելու ենք ավելի ընդլայնել՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրման առարկա ենք դարձրել ԵԽ նախարարների կոմիտեի մի շարք փաստաթղթեր և ՄԻԵԴ մի շարք որոշումներ: Ձևակերպումը, որը ձեզ բաժանված է. հետևյալն է, որ եթե կիրառվում է այլ խափանման միջոց և անձը խախտում է այդ խափանման միջոցի պայմանները, ապա անձը դարձյալ կարող է կալանավորվել: Սակայն, ուսումնասիրելով նախարարների կոմիտեի մի շարք փաստաթղթեր, հանգեցինք եզրակացության, որ ինքնին այլ խափանման միջոցի պայմանները խախտելը չի կարող ավտոմատ հիմք լինել, որպեսզի անձի նկատմամբ կիրառվի կալանքը՝ որպես խափանման միջոց. Անհրաժեշտ են այլ լրացուցիչ  պայմաններ ևս»,-  մանրամասնեց Հարությունյանը:

 

Նախարարը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց այդ լրացուցիչ պայմանները: «Նախևառաջ, խախտումը պետք է լինի էական կամ պարբերական, երկրորդը՝ պետք է բավարար հիմքեր լինեն ենթադրելու, որ խափանման միջոցի պահպանումը կամ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի օգտագործումը  արդյունավետ չէ: Միայն այս դեպքերում, եթե առկա է վտանգ, որ 135-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ գործողություն կարող է կատարվել. Կարող է կիրառվել կալանքը: Այսպիսով, ես նախագիծը քվեարկության եմ դնելու հետևյալ առաջարկությամբ: Նախագծի 135-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունը պետք է փոխվի հետևյալ ձևով՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նաև, եթե մեղադրյալի կողմից էականորեն կամ պարբերաբար խախտվել են նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ խափանման միջոցի պահպանումը կամ այլ խափանման միջոցի կիրառումը այլևս բավարար չէ նրա կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ գործողության կատարումը կանխելու համար: Այսինքն, մենք վերցրել ենք նախարարների կոմիտեի բանաձևումից այն նախապայմանները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի կողմից մշակված նախապայմանները, որոնք պետք է հիմք հանդիսանան կալանք կիրառելու համար: Ընդ որում, տվյալ դեպքում մենք որևէ ձևով չենք կապում այս կարգավորումը ազատազրկման ժամկետի հետ: Այսինքն, եթե կան դեպքեր, որ քրեական օրենսգրքով ազատազրկումն անգամ մեկ տարուց պակաս է նախատեսված և մարդու նկատմամբ կիրառվել է որևէ այլ խափանման միջոց, և անձը կոպտորեն կամ պարբերաբար խախտում է այդ խափանման միջոցը, ապա առաջինը՝ պետք է համոզմունք առաջանա, որ այդ խափանման միջոցի կիրառումն այլևս արդյունավետ չէ»,- նշեց Հարությունյանը՝ խնդրելով նախագիծը քվեարկության դնել այդ փոփոխությամբ:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պետական-իրավական  և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները բաղկացած են երկու մասից. «Ո՞ր դեպքում կարելի է անձին կալանավորել: Ըստ առաջարկի՝ մարդուն կարելի է կալանավորել այն դեպքում, եթե մարդը կատարել է արարք,  որի համար մեկ տարուց ավել ազատազրկում է նախատեսվում, և մարդը կարող է խուսափել նախաքննության մարմին ներկայանալուց, կատարել այլ հանցանք կամ անօրինական ազդեցություն գործադրել վկաների և տուժողների վրա: Հիմա կառավարությունն առաջարկում է երկրորդ պայմանը, եթե մարդու նկատմամբ կիրառված է խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին և խախտում է պայմանները, օրինակ, քննիչի կանչով չի ներկայացնում նախաքննության մարմին պարբերաբար, նրան կարող են կալանավորել: Պարոն Հարությունյանը շեշտադրում կատարեց այն դեպքերի վրա, որ եթե մի հոդվածով է մարդու նկատմամբ խափանման միջոց կիրառվել, երբ մեկ տարուց պակաս է ազատազրկումը: Մենք քրեական օրենսգրքում ունենք հոդվածներ, որոնք ընդհանրապես ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ են սահմանում: Այսինքն, պատկերացրեք, որ կառավարության ներկայացրած առաջարկով մարդը կատարում է մի հանցանք, որի համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չի կարող լինել, քննիչի կանչով չներկայանալու դեպքում իրեն կարող են կալանավորել: Այսինքն, մարդը կարող է կալանավորվել, ազատությունից զրկվել այնպիսի մի արարքի համար, որը առաջին՝ քո օրենսդրությամբ ոչ հանցանք է համարվում, ոչ էլ քո կատարած արարքի համար նման պատժատեսակ կարող է լինել: Ստացվում է, որ մարդը, ով կատարել է հանցանք, որը չի կարող ազատազրկման հետ կապված պատիժ ունենալ, սակայն քննիչի կանչով չներկայանալու դեպքում նրան կարող են ազատությունից զրկել: Սա իմ խորին համոզմամբ անընդունելի է սկզբունքորեն, որովհետև դա կոնցեպտուալ առումով հակասում է եվրոպական նախադեպային իրավունքին»,- հիմնավորեց Գևորգ Կոստանյանը՝է շեշտելով, որ հասկանում է կառավարության մտահոգությունները, որ նման դեպքերում, երբ անձը, ով քննիչի կանչով չի ներկայանում նախաքննության մարմին, պետք է ինչ-որ ձև պատժվի, սակայն շեշտեց, որ նա չի կարող կալանավորվել, եթե քո երկրում նրա արարքի համար քրեական պատիժ նախատեսված չէ: Գևորգ Կոստանյանը հստակեցրեց, որ նման դեպքերում կարելի է մարդուն բերման ենթարկել, ոչ թե կալանավորել:

 

Կոստանյանը շեշտեց, որ առաջարկելու է դեմ քվեարկել օրենքի նախագծին, եթե արդարադատության նախարարը պնդելու է, որ այն քվեարկության դրվի առաջարկված փոփոխություններով: Նա առաջարկեց օրենքի նախագծին կողմ քվեարկել, եթե հիմնական զեկուցողը համաձայնություն տա հանել երկրորդ առաջարկը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ արմատապես համաձայն չէ երկրորդ առաջարկի վերաբերյալ հնչած մեկնաբանությունների հետ: Դավիթ Հարությունյանն առաջարկեց նախագիծը քվեարկության դնել կառավարության ներկայացրած առաջարկներով, իսկ խնդրին անդրադառնալ մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Գևորգ Կոստանյանը հարցը դրեց քվեարկության, որի արդյունքում այն բացասական եզրակացություն ստացավ: