ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագծում հստակեցման կարիք ունի «պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն» հասկացությունը և խնդրո առարկան՝ ապահովագրությունը 3 տարի ժամկետով սահմանելու հանգամանքը: «Հարկ է նկատի ունենալ, որ ապահովագրության հիմքում ընկած է ապահովագրական պատահարը: Այնինչ, ներկայացվող նախագծում, ըստ էության, որպես ապահովագրական դեպք, դիտարկվում է մարտական գործողություններին մասնակցելը, ինչն ինքնին չի կարող հատուցում ստանալու իրավունք առաջացնել: Արդյունքում' օրենքով ապահովագրական գումարը, ըստ էության, վերածվում է մարտական գործողությունների մասնակիցներին տրամադրվող դրամական նպաստների, ինչն ընդհանուր ոչինչ չունի ապահովագրության հետ»,-ասաց Աստրյանը: Նրա խոսքով' այժմ արդեն ապահովագրական վճարների ինստիտուտը ներդրված է:
Ըստ նախարարի, հարկ է նաև նկատի ունենալ, որ նախագծով նախատեսվում է ապահովագրական գումար ստանալու իրավունք սահմանել միայն 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններ են տեղի ունեցել նաև նախկինում՝ 1988-94 թվականներին, ինչպես նաև դրանից հետո՝ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, որոնց մասնակիցներն այլևս զինվորական ծառայության մեջ չեն: «Չի բացառվում նաև ապագայում նման մարտական գործողությունների հնարավորությունը, որոնց մասնակիցները, սակայն, չեն օգտվի խնդրո առարկա երաշխիքից», - ասաց նախարարը: