ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի hոկտեմբերի 14-ի նիստը, Գագիկ Մինասյանի նախագահությամբ, անդրադարձել է մի շարք հարցերի:

 

Պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հունվարի 21-ին եւ 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկ միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը:

 

Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է Ծրագիր 2-ի շրջանակներում վարկի փակման ժամկետը երկարաձգել 24 ամսով: Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունը պայմանավորված է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների բնականոն, ամբողջական եւ պատշաճ կատարման ապահովման անհրաժեշտությամբ: Նախատեսված փոփոխությամբ' ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ վճարել շուրջ 240 հազար ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ պարտավճար:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԺ կայքից, համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

 

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

 

Նա նշել է, որ հատուկ հաշիվների համար օրենսդրությամբ նախատեսված չէ որեւէ առանձնահատկություն, մինչդեռ հենց այդ առանձնահատկությունների սահմանումն է, որ հասարակ բանկային հաշիվներից առանձնացնում է հատուկ հաշիվները' քաղաքացիաիրավա կան հարաբերություներում իրավական կարգավիճակ տալով նոր տեսակի գործիքների:

 

Ըստ հիմնական զեկուցողի՝ հատուկ հաշիվների օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներին առավել արդյունավետ եւ ապահով օգտվել հատուկ հաշիվներից' հաշվի առնելով, որ իրավական դաշտի ապահովվածությունը կբարձրացնի հասարակության վստահությունը նման գործիքների նկատմամբ:

 

Ներսես Երիցյանն ներկայացրել է նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Պարոն Երիցյանը նշել է, որ ապահովագրության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն սպառողների շահերի պաշտպանության հստակ մեխանիզմներ:

 

Ըստ հիմնական զեկուցողի՝ ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ստեղծելու սպառողների պաշ տպանության ռեալ մեխանիզմներ, բարձրացնելու ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցությունը եւ մատուցվող ծառայությունների որակը:

 

Հանձնաժողովը քննարկված փաթեթներին դրական եզրակացություն է տվել' առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

 

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի սեղմագիրը:

 

Մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

 

Նիստի ընթացքում ՀՀ Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկություններ է հաղորդել հանձնաժողովի եւ միջազգային երկու կազմակերպությունների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի միջեւ համագործակցության վերաբերյալ: