Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրին: Այդ մասին ասված է Ռուսաստանի կառավարության կայքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը:

 

«Հանձնարարել Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը»,- ասված է փաստաթղթում:

 

Համալսարանն աշխատում է ռուսական կրթական չափանիշներով, կրթությունն իրականացվում է ռուսաց լեզվով: Դրա հետ մեկտեղ առաջին երեք տարում ընթանում է հայոց լեզվի խորացված ուսուցում: Բացի այդ, բարձր կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն ստանալ պրոֆեսիոնալ գիտելիքներ նաև հայերենով: Ուսանողները ստանում են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ: