Կրեմլը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունները Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործելու ուկրաինական զինված ուժերի իրավունքի մասին ընկալում է՝ որպես ուղղակի էսկալացիա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։

«Մենք տեսնում ենք նման բանավոր սրացում պաշտոնական ներկայացուցիչների կողմից»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները դա տեսնում են ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիային, այնպես էլ «ավելի փորձագիտական մակարդակում»՝ Մեծ Բրիտանիայի դեպքում։

Նա նշել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ լարվածության նման ուղղակի աճը կարող է վտանգ ներկայացնել ողջ եվրոպական անվտանգային ճարտարապետությանը։