Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Հայաստանը ցանկացած տիպի քաղաքական, տնտեսական միավորումներից հեռու պահելուն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ:

 

Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ ասվում էր, որ Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ՝ «մինչ այդ երկիրը դուրս չբերի իր զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից և չվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

 

«Բացառվում է, որ մեզ համար Մաքսային միությանը անդամակցելու գործում դա խոչընդոտ հանդիսանա, և նաև զարմանում եմ, որ այդ հայտարարությունը հասարակության կողմից նման ուշադրության է արժանացել: Պարզապես Հայաստանի բլոկադան Ադրբեջանի առաջնահերթությունն է, և ցանկացած քաղաքականություն, Հայաստանի ցուցադրած ցանկացած հաջողություն նման արձագանքի է արժանանում Ադրբեջանի կողմից»,-ասաց նա:

 

Քաղաքագետը Հասանովի հայտարարությունը որակեց որպես «գնացքի ետևից հնչած», քանի որ, ըստ նրա, ՄՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանի որոշումը բավական առաջ է գնացել, երկիրը բավական ձեռքբերումներ ունի, և որևէ նման հայտարարություն ոչ մի կերպ չի կարող ազդել այդ գործողության վրա:

 

Դիտարկմանը, թե Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, «Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները օկուպացրած երկրի»՝ Հայաստանի մուտքը որևէ միություն կամ միավորում հակասում է միջազգային իրավունքին, քաղաքագետը պատասխանեց.

 

«Եթե Հայաստանի Հանրապետություն ասելով Ադրբեջանի իշխանությունները հասկանում են նաև Լեռնային Ղարաբաղն իր ներկայիս սահմաններով, ապա դա իրենց խնդիրն է: Իրականում Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի տարբեր սուբյեկտներ են, և իրար հետ այնքանով կապ ունեն, որքանով հայ ժողովրդի շահերը պաշտպանող երկու ինստիտուտներ: Իմ կարծիքով այդ բացատրությունները և նման մեկնաբանությունները Ադրբեջանի իշխանությունների կողմից անարդյունք են, և որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստանի ինքնուրույն որոշելու իրավունքի վրա»,-ասաց նա:

 

Նույն հարցի շուրջ իր տեսակետը հայտնեց նաև մեկ այլ քաղաքագետ՝ Ալեքսանդր Մանասյանը, ով նշեց, որ անհրաժեշտ է, որ որևէ երկրորդ կամ երրորդ պաշտոնյայի անունից հայտարարվի, որ եթե իրենք կարող են իրավական փաթեթ ներկայացնել, ապա Հայաստանը պատրաստ է դրանք քննարկել:

 

«Ես կարծում եմ, որ մի քիչ ակտիվ պետք է լինել, մանավանդ իրենք են միջազգային իրավունքի անունը տալիս: Մենք արդեն ունենք հայտարարություն արված, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Հետևաբար, դրա շարունակության վրա, որևէ պաշտոնյայի անունից կարելի է հայտարարություն անել. Հայաստանը երբեք դեմ չի եղել խնդիրը տեղափոխել իրավական դաշտ, ինչպես դա պահանջում է Ադրբեջանը»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի կողմից նման հայտարարությունները, քաղաքագետը նշեց, որ դրանք միտված են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն խոչընդոտելուն, բայց, ըստ նրա, դրանք անհետևանք կմնան:

 

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի ուժը կպատի ՄՄ-ի դեմը փակել կամ ինչ-որ մի ական դնել, քանի որ շատ ավելի զորեղ ուժեր են աշխատում հանուն Մաքսային միության: Ուրիշ բան է, որ հանկարծ չկայանա, բայց երբեք դա Ադրբեջանի հետ կապված չի լինի: Նման հայտարարությունները միայն մեզ են ուղղված»,-ասաց նա:

 

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այս հայտարարությունը «մառազմ» էր համարել ու նշել, որ նախարարությունը նման «մառազմները» չի մեկնաբանում: