ՀՀ Նախագահի նստավայրում Մարտական ծառայության մեդալի արժանացած զինծառայողներ Կարեն Անտոնյանն ու Կարեն Հակոբջանյանը պատրաստ են բարձր մարտական ոգով շարունակելու ծառայությունը հայրենիքին: Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ինժեներական կահավորվածության գծով մասնագետ Կարեն Անտոնյանը վստահեցրեց` անում են ամեն ինչ, որ դիրքապահ զինվորներն անխոչընդոտ և անփորձանք կատարեն իրենց պարտականություններն առաջնագծում:

 
 

 

«Մեզ մոտ օր օրի տեխնիկապես ամրապնդվում է առաջնագիծը, որպեսզի մեր զինվորները մարտական դիրքերում անվտանգ ու անփորձանք անցկացնեն իրենց ծառայությունը: Տեխնիկական սարքերը մեծ հնարավորություն են տալիս, և մենք դրան ամեն օր ականատես ենք լինում: Վստահեցնում եմ ձեզ, ցանկացած ներթափանցման փորձ տեղում կասեցվում է ու հետ է շպրտվում ելման դիրքեր»,-ասաց Կարեն Անտոնյանը:

Ֆիզպատրաստության գծով պատասխանատու Կարեն Հակոբջանյանն էլ նշեց, որ ամենօրյա աշխատանք է տանում զինվորների մարտական պատրաստության բարձրացման ուղղությամբ: Նրա խոսքով`տղաները բանակ են զորակոչվում ֆիզիկապես լավ պայմաններում, իսկ ովքեր էլ զիջում են մյուսներին քրտնաջան պարապմունքների շնորհիվ հասնում են ցանկալի արդյունքի:

 

 

«Աշխատում ենք, որ մեր զինվորները ֆիզիկապես ուժեղ լինեն, հաղթահարեն իրենց առջև դրված բոլոր խնդիրները, որպեսզի հակառակորդը չկարողանա մխրճվել մեր առաջնագիծ»,-ասաց Կարեն Հակոբջանյանը:

Զինծառայողը հորդորեց բոլորին հանգիստ գլուխները բարձին դնել, որովհետև իրենց զավակները ամուր ձեռքերում են, ու հայրենիքի սահմանները պահում են զգոն ու առույգ զինվորները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբզինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: