Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը: Նշվել է, որ այս համատեքստում բոլոր վարչական շրջաններում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ ու գույքագրման աշխատանքներ և համապատասխան փաթեթներն արդեն պատրաստ են մրցույթների հայտարարման համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արագ ավարտել մրցութային գործընթացն ու ծրագրի իրականացման փուլում մշտական հսկողության տակ պահել աշխատանքների կատարման որակը և ժամանակացույցի պահպանումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցված 14 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 30 վարչական արձանագրություն: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել վերոնշյալ ուղղություններով խստացված հսկողությունը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ փետրվարի 11-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: