Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 26 հասցեում գտնվող բարեկարգված բակային տարածքը հանձնեց շրջանի բնակիչներին:
Արարողության մեկնարկին քաղաքապետը կտրեց բակային տարածք տանող ժապավենը և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացավ կատարված աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը զրուցեց վարչական շրջանի բնակիչների հետ, լուսանկարվեց փոքրիկների հետ: Բացի այդ, քաղաքապետն իր ստորագրությունը թողեց մարզադաշտում խաղացող երեխաներից մեկի գնդակի վրա:
Բնակիչները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին իրականացրած աշխատանքների և նոր բակային տարածքի համար:
Մայրաքաղաքի համաչափ զարգացման 2014թ. ծրագրերով Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է կառուցապատել և բարեկարգել շուրջ 17420 քմ ընդհանուր մակերեսով 34 բակային տարածք։ Զուգահեռաբար վարչական շրջանի այգիներում, փողոցներում ու բակային տարածքներում կտեղադրվեն նոր զրուցարաններ, նստարաններ ու աղբամաններ։ Բակային տարածքների բարեկարգման աշխատանքները ներառում են այդ տարածքներում շուրջ 56420 քմ ասֆալտապատում և 1820 քմ սալիկապատում, ինչպես նաև խաղերի ու խաղային ատրակցիոնների տեղադրում։
Կիրականացվեն նկարազարդման աշխատանքներ։ Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ բակային տարածքներում իրականացվում են նաև կանաչապատման աշխատանքներ, ինչի արդյունքում վարչական շրջանում կանաչ տարածքների մակերեսը կավելանա ևս 15000քմ-ով։ 2014 թվականի ընթացքում Աջափնյակում կընդլայնվի նաև արտաքին լուսավորության ցանցը՝ ներառելով Սիլիկյան թաղամասի նոր խճուղին, վարչական շրջանի այգիները, խաղահրապարակներն ու բակային տարածքները։