Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ բակերի հանդիսավոր բացմանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման, առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով: Ընդհանուր առմամբ, բակային տարածքներում իրականացվող կանաչապատման աշխատանքների արդյունքում վարչական շրջանում կանաչ տարածքների մակերեսն ընթացիկ տարում կավելանա ևս 3023քմ-ով:

 

Օգտվելով առիթից' բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին' տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերի համալիր բարեկարգման լայնամասշտաբ ծրագրերը նախաձեռնելու և կյանքի կոչելու համար: Հարկ է նշել, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման 2014թ. ծրագրերով միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կկառուցապատվի և կբարեկարգվի 58 բակ: Աշխատանքները ներառում են բակային տարածքների ասֆալտապատում, սալիկապատում, ինչպես նաև խաղերի ու խաղային ատրակցիոնների տեղադրում: Զուգահեռաբար կիրականացվեն նաև նկարազար դման աշխատանքներ:

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է նաև Յուրի Բախշյանի անվան զբոսայգու հանդիսավոր բացմանը: Այգու վերակառուցման համար շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին ու Երևանի ավագանու բոլոր անդամներին' Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նկատել է, որ ծրագիրն իսկապես անհրաժեշտություն էր և սպասված բոլոր բնակիչների կողմից. «Իսկապես շնորհակալ եմ առաջարկս ընդուն ելու և այս այգին ևս Երևանի քաղաքապետարանի 2014թ. այգիների և պուրակների բարեկարգման ծրագրում ընդգրկելու համար:

 

Բոլոր երևանցիներն օրեցօր մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման ու հանգստի գոտիների ավելացման ականատեսն են դառնում, ինչը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումն է, որը շատ ողջունելի է»,- ընդգծել է Անահիտ Բախշյանը:

 

Հանգստի գոտու վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Երևանի զարգացման 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: Ըստ այդմ, զբոսայգու տարածքում կառուցվել է մանկական խաղահրապարակ, նկարազարդվել են զբոսայգին սահմանազատող շուրջ 350 քմ հենապատերը, ասֆալտապատվել են ճեմուղիների ոչ սալիկապատ հատվածները, թարմացվել են կանաչ տարածքները, նորոգվել է ոռոգման համակարգը: Բացի այդ, տարածքն ապահովվել է արտաքին լուսավորության ցանցով, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ:

 

Քաղաքապետը շրջել է զբոսայգում և բնակիչնե րի հետ միասին գնահատել կատարված աշխատանքները: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին վարչական շրջանի հանգստի գոտիներից ևս մեկը բարեկարգելու համար և վստահեցրել, որ խնամքով կպահպանեն այգին:

 

Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է և որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների հետզհետե ավելացման հարցում: