«Երևան» հիմնադրամի գործով կհարցաքննվի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ հիմնադրամի մասով ստուգումները հասնում են ավարտական փուլի:
Հարցին՝ Տարոն Մարգարյանը հրավիրվել է հարցաքննության, Վանեցյանը պատասխանեց. «Այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց առաջիկայում կհրավիրվի»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց՝ նախկին քաղաքապետի անունով գրանցված բիզնեսներ իրենք չեն հայտնաբերել. «Ունեցվածքի գծով, որի մասին մամուլում հրապարկումներ են եղել, վարչապետի՝ կոռուպցիայի գծով խորհրդականն այդ նյութերը ներկայացրել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,- հավելեց նա:
Հնարավո՞ր է՝ Մարգարյանին կանչեն ԱԱԾ և պարզվի, որ նա լքել է երկիրը, Վանեցյանը կարճ պատասխանեց. «Ո՛չ»: