Քիչ առաջ Երևանի ավագանու խմբակցության նիստից հետո Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Սիրունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել խմբակցության անդամներին համատեղ աշխատանքի համար: Նա, սակայն, չցանկացավ նշել՝ Տարոն Մարգարյանը հրաժարական տվե՞լ է, թե՝ ոչ:
«Նա ընդամենը շնորհակալություն է հայտնել տարիների համատեղ գործունեության համար»,- ասաց Ռոզա Սիրունյանը:
Քաղաքապետի խոսքում եղե՞լ են հրաժեշտի շեշտադրումներ հարցին ի պատասխան Ռոզա Սիրունյանը բացասական արձագանքեց:
Հարցին, թե ինչո՞ւ էր քաղաքապետը շնորհակալություն հայտնում, արդյոք ամեն նիստին իրենց շնորհակալություն է հայտնում համատեղ աշխատանքի համար, Ռուզաննա Սիրունյանն ասաց. «Մենք միշտ էլ հանդիպումներ ունենում ենք: Ավել բան չեմ կարող ասել, եթե քաղաքապետը որոշի… Կոնկրետ հրաժարականի մասին չի եղել խոսակցությունը: Ես կարծում եմ՝ եթե լինի, դուք կիմանաք դրա մասին մեզնից շուտ»:
Ռոզա Սիրունյանը նշեց, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը Երևանի համար շատ բան է արել: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ հրաժարական տա, միևնույնն է՝ նա շարունակելու է մնալ քաղաքացի, ով մտածելու է Երևանի մասին:
Լրագրողները խնդրեցին Ռոզա Սիրունյանին՝ ներկայացնել իր կարծիքն այն տեսանյութի վերաբերյալ, որը պատմում էր Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին:
«Ես ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ չգիտեմ: Ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխան տալիս իր արարքների համար»,- ասաց նա:
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Ըստ տեղեկությունների՝ նա այսօր քաղաքապետարանում հանդիպում է ունեցել եւ հրաժեշտ տվել աշխատակիցներին: