Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարզաբանում է ներկայացրել«Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի' ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման առնչությամբ: «2018 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N6 արձանագրությամբ Ձեզ տրամադրվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատ, ուստի նշված օրվանից առ այսօր առկա է Ազգային ժողովի պատգամավորի մանդատի անհամատեղելիություն, քանի, որ ԱԺ պատագամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղղված Ձեր դիմումը, հիշատակված օրենքի համաձայն, չի նշանակում հրաժարականը ընդունված և Դուք շարունակում եք զբաղեցնել ԱԺ պատգամավորի պաշտոնը»,-նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Մեկ շաբաթից ավելի միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ, Ալեն Սիմոնյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել օրենքի ուժով: «Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն (24.05.2018թ. N4) կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը օրենքի խախտում»,-ընդգծել է քաղաքապետը՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանու աշխատանքներում ունեցած ներդրման համար։
«Դուք մշտապես հետաքրքիր հարցեր եք բարձրացրել մեր քննարկումներում և իհարկե լիահույս եմ, որ ՀՀ Ազգային ժողովում կշարունակեք Ձեր ակտիվ գործունեությունը՝ չմոռանալով իհարկե բարձրաձայնել Երևանի հոգսերի և բարեփոխումների մասին: Հուսով եմ, որ Ձեր փոխարեն Երևանի ավագանի մուտք կգործի նույնչափ բանիմաց և սրտացավ քաղաքացի, որն իր ներդրումը կունենա և մասնակիցը կլինի Երևանի զարգացման և շենացման միասնական գործին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի՝ «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի հրաժարական տալու կարգը, ժամկետները և լիազորությունները դադարելու պահը, մասնավորապես.
«Եթե հրաժարականի հրապարակումից հետո' մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով'
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:»
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է Երևանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը։
Տարոն Մարգարյանն մայիսի 24-ին Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից: