Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ստացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի քաղաքապետից ստացել է արձանագրություն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Արձանագրությունը ստացվել է այսօր, առաջիկայում մենք սահմանված կարգով կանդրադառնանք այդ արձանագրությանը»,- նշեց Մուկուչյանը:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու որոշմանն այն պարագայում, երբ վերջինս Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել` Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Օրենսդրությամբ շատ հստակ ամրագրված է, որ Ազգային ժողովի պատգամավորի կամ Երևանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ չի համարվում: Ազգային ժողովի պատգամավորի դեպքում լիազորությունները դադարում են Ազգային ժողովի նախագահի արձանագրության հիմքով, Երևանի ավագանու անդամի պարագայում` Երևանի քաղաքապետի արձանագրության հիմքով: Այդ արձանագրությունները ստանալու պարագայում պարզ է դառնում, որ առկա է թափուր մանդատ և ԿԸՀ-ի գործառույթ է հանդիսանում մանդատի տրամադրումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբեք Ազգային ժողովի պատգամավորի կամ Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշում չի ընդունել»::
Նա հստակեցրեց, որ իրենք ստացել են արձանագրություն, և իրենց գործառույթը մեկն է` թափուր մանդատը տրամադրել հերթական համարի թեկնածուին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից: