Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հետևյալ խնդրով. «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի» 20-րդ կետի համաձայն՝ «Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը' Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից»: Ս.թ. նոյեմբերի 11-ին՝ Ավագանու հերթական նիստից երկու շաբաթ առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Բաղդասարյանը Կանոնակարգով սահմանված բոլոր պահանջների պահպանմամբ և ուղեկցական գրությամբ իրավական ակտի նախագիծ (Երևան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին) են ներկայացրել Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին:
Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 21-րդ հոդվածը նկարագրում է դրան հաջորդող ընթացակարգը հետևյալ կերպ. «Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը Իրավական ակտի նախագիծը և դրան կցված փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում տրամադրում է Ավագանու անդամներին, Քաղաքապետի նշանակած գլխադասային Հանձնաժողովին և Քաղաքապետարանի աշխատակազմին: Գլխադասային Հանձնաժողովը և Քաղաքապետարանի աշխատակազմը Ավագանու հերթական նիստից առնվազն տաս օր առաջ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին են ներկայացնում նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները: Նույն ժամկետում նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Ավագանու անդամները»:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը վերոնկարագրյալ ընթացակարգի համաձայն 1 օրվա ընթացքում Ավագանու խմբակցություններին է տրամադրել իրավական ակտի նախագիծը՝ կից փաստաթղթերով: «Բարև Երևան» խմբակցությունը հաստատում է, որ արդեն նոյեմբերի 12-ին խմբակցությանն են տրամադրել շրջանառության մեջ դրված իրավական ակտի նախագծի 6 օրինակ՝ խմբակցության յուրաքանչյուր անդամի հաշվով:
Նոյեմբերի 13-ին նշանակված է եղել Երևանի ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որին մասնակցելու են գնացել ոչ միայն հիշյալ հանձնաժողովում «Բարև Երևան» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Արթուր Գասպարյանը, այլև իրավական ակտի նախագծի համահեղինակ Անահիտ Բախշյանը՝ այն սպասումով, որ հանձնաժողովը, ի թիվս այլ նախագծերի, կքննարկի նաև այդ մեկը:
«Սակայն մեծ եղավ բոլորիս զարմանքը, երբ հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ այդ նախաձեռնությունից, հանձնաժողովին ուղարկված՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի գրության մեջ այն հիշատակված չէ իբրև հանձնաժողովի քննարկման իրավասության ներքո գտնվող նախագիծ: Հեղինակներիս առաջարկին՝ նախաձեռնության քննարկումը ներառելու հանձնաժողովի օրակարգում, չընդունվեց 2 պատճառաբանությամբ.
1. Ավագանու անդամները չեն ստացել իրավական ակտի նախագիծը,
2. Բացակայում է նախագծի քնարկման համար գլխադասային հանձնաժողով նշանակելու մասին քաղաքապետի որոշումը:
Հենց հանձնաժողովի նիստում պարզվեց, որ իրավական ակտի նախաձեռնությունը ստացել են բոլոր խմբակցությունները. ԲՀԿ խմբակցության անդամները իրենց խմբակցության փորձագետից պարզեցին, իսկ ՀՀԿ խմբակցության փորձագետն էլ տեղում հայտարարեց, որ ստացել են նախագիծը /ավագանու անդամներից շատերը նախընտրել են դրանք ստանալ էլեկտրոնային տարբերակով, իսկ «Բարև Երևանի» խնդրանքով դրանք տրամադրվում են թե էլեկտրոնային, թե թղթային տարբերակով/: Հետագայում պարզվեց, որ ավագանու բոլոր անդամներն այն ստացել են էլեկտրոնաային տարբերակով: Այդպիսով, վերացավ բերված պատճառաբանություններից առաջինը, սակայն Քաղաքապետի կողմից գլխադասային հանձնաժողով նշանակելու որոշման բացակայությունը /ինչը իմպերատիվ պահանջ է քաղաքապետի համար/ հիմք մնաց նախաձեռնությունը չքննարկելու ու դրա վերաբերյալ եզրակացություն չտրամադրելու համար: Հանձնաժողովի նախագահը և անդամները համաձայնեցին մինչև ավագանու նոյեմբերի 25-ի նիստը հանձնաժողովի մեկ այլ կամ արտահերթ նիստ հրավիրել, եթե իրենց հնարավորինս արագ տրամադրվի նշված նախագծի վերաբերյալ գլխադասայաին հանձնաժողով նշանակելու քաղաքապետի որոշումը:
Սկզբում թվում էր, թե սա կարող է անփութության հետևանք լինել: Սակայն Երևանի քաղաքապետարանաի պաշտոնական կայքում տեղադրվել է ավագանու նոյեմբերի 25-ի նիստի նախագիծը, որում ներառված 15 հարցերի մեջ ևս բացակայում է Ս.Սաֆարյանի, Ա.Բախշյանի, Գ.Բաղդասարյանի հեղինակած իրավական ակտի նախագիծը: Սա այն դեպքում, երբ կրկնվենք, Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 20-րդ կետը սահմանում է, որ Երևանի քաղաքապետը նիստի օրակարգի նախագիծը կազմում է ոչ թե քմահաճորեն, իր նախապատվություններով, այլ «Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից», որոնց մեջ մտնում է նաև վերոնշյալ նախագիծը: Առայժմ չենք ցանկանում հեռուն գնացող ենթադրություններ կատարել, որ Կանոնակարգի սույն խախտումը միտումնավոր է կատարվել և թելադրվել է Երևանի քաղաքապետի կողմից:
Հավելյալ հայտնում ենք, որ այդ նախագծի հեղինակներից ոչ մեկը բանավոր կամ գրավոր կարգով չի դեմել Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկությամբ, ոչ էլ տվել է նման համաձայնություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ստիպված ենք արձանագրել, որ Քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից խախտվել է կանոնակարգի պահանջը և դրա արդյունքում՝ իրավական ակտի նախագծի հեղինակ ավագանու անդամներիս իրավունքը:
Ակնկալում և պահանջում ենք, որ առաջիկա օրերին անհապաղ իրավական հարցերի հանձնաժողովին կտրամադրվի նախագծի քննարկման համար գլխադասային հանձնաժողով նշանակելու քաղաքապետի որոշումը, լրացում կկատարվի քաղաքապետարանի կայքէջում հրապարակված նիստի օրակարգի նախագծում՝ այնպես, որ Կանոնակարգով սահմանված ժամկետներում հնարավոր լինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացնել թե՛ հանձնաժողովի եզրակացությունը, թե՛ առաջարկությունները՝ դրանք ավագանու նոյեմբերի 25-ի նիստում քննարկելու համար:
Ինչպես փաստարկվել է Ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, իրավական ակտի նախագծի քննարկումը այս ժամկետում՝ մինչև Երևան քաղաքի բյուջեի ընդունումը հրատապ է, քանի որ ավագանու որոշման ընդունումը ենթադրում է Երևանի 2014թ. բյուջեում ավագանու նիստերի առցանց հեռարձակման համար թեկուզև փոքր, բայց ծախսի ներառում»,- ասված է նամակում: