Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգում է Երևանի ավագանու որոշումը, որը հավանություն է տվել Անաստաս Միկոյանը կիսանդրին տեղադրելու հարցին: Կառավարությունում ի պատասխան հարցի՝ հանրության կարծիքն այս դեպքում չպե՞տք է հաշվի առնել, Տարոն Մարգարյանը նշեց. «Սա այն հարցը չէ, որ մենք դնենք լայն քննարկման, ընդամենը մեկ կիսանդրի է տեղադրվելու: Իմ կարծիքով, հասարակական դժգոհությանն ավելի շատ որոշ ուժեր են դրդում, սովորական քաղաքացիներին որ հարցնեք, իրենցից ոչ մեկին էլ դա չի հետաքրքրում»:
Պատասխանելով մյուս հարցին, թե կարո՞ղ է Անաստաս Միկոյանի կենսագրությունում հիշել դրական դրվագ, որի համար արժե նրա կիսանդրին տեղադրել Երևանում, քաղաքապետը նշեց, որ իր համար ամենահիշարժանն այն է, որ Անաստաս Միկոյանի ջանքերով կանխվեց երրորդ համաշխարհային պատերազմը: Մարգարյանի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 600 հազար հայեր զոհվեցին, շատ հնարավոր է, որ այդ ժամանակ էլ այդքան հայ զոհվեր:
Անդրադառնալով Միկոյանի ներկայացրած' հայերի գնդակահարության ցուցակին՝ Տարոն Մարգարյանը ասաց. «Պատմաբաններն են ասում, ես նման փաստաթուղթ չեմ տեսել: Շատերը նշում են, որ նման փաստաթուղթ կա, սակայն որևէ օր այդ փաստաթղթերը ցույց չտվեցին: Ես չէի ցանկանա, որ մենք արխիվներում փորձեինք գտնել, որովհետև ոչ միայն Միկոյանի հետ կապված, այլ նաև շատ-շատ այլ մարդկանց մասին կարող ենք փա ստեր ունենալ»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Միկոյանի հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյունի փողոցների միջանկյալ պուրակում։