SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հունվարի 28-ին Երևանի Հրազդան կիրճում գտնվող «Վայրի դրախտ» ռեստորանային համալիրից կատարված գողության փաստով։

Այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ՝ 47-ամյա Մ. Ս.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ գողություն է կատարվել նշված ռեստորանային համալիրից, որտեղ էլ իր տարածքում հայտնաբերել է իրեն անծանոթ մի մարդու, որը պառկած է գետնին և ինքը չգիտի՝ նա քնած է, թե մահացած։

Պարզվել է, որ հունվարի 25-ին, ժամը 18։00-ից մինչև հունվարի 28-ի ժամը 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորյալ կոտրել են ռեստորանային համալիրի դռան ապակին, այնուհետև կոտրել պահեստի դուռը, որտեղից գողացել են փայտյա ջահ, «Նաիրի» տեսակի 5 հատ 25 տարեկան կոնյակ, «Աբսոլյուտ» տեսակի օղի և 3 լիտր տարողությամբ 10-ից ավելի կոմպոտներ։

Ոստիկանները Մ. Ս.-ի մատնանշված տարածքում հայտնաբերել են Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ին, ով «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ որշ ժամանակ անց գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ոստիկանները կասկածում են, որ նա գողությունը կատարել է ու հետո այնտեղից գողացված խմիչքի մի մասը խմել, գինովցել ու մնացել է դեպքի վայրում քնած։

Այս վարկածը ճշտվում է։