Նախկին Երիտասարդական պալատի տեղը զբաղեցնելու համար «Խաչ Երևանի համար» նախագիծ չի ներկայացվել ոչ Երևանի քաղաքապետարանին, ոչ Հայաստանի ճարտարապետների միությանը, ոչ էլ Քաղաքաշինության պետական կոմիտեին: «Արմենպրես»-ի հետ զրույցում սոցիալական ցանցերում տարածված խաչի տեսքով շինության լուսանկարի վերաբերյալ այս մասին փաստեցին նշված կառույցների ներկայացուցիչները:
«Երևանի քաղաքապետարան նման նախագիծ չի ներկայացվել և չի քննարկվել»,-ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ու հավելեց՝ ինքն էլ համացանցում տեսել է, որ լուսանկարի աղբյուրը մի կազմակերպություն է: Նրա խոսքով՝ այս պահին այդ տարածքի համար որևէ նախագիծ չկա:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ՝ ոչ իրենց, ոչ էլ Քաղաքաշինության պետական կոմիտե ևս նման նախագիծ չի ներկայացվել:
Սոցիալական ցանցերում տարածվել է Երևանի երիտասարդական պալատի տեղում կառուցված մի շինության նախագծի լուսանկար: Լուսանկարում բարձրահարկ շենքը խաչի տեսքով է:
Երևանի երիտասարդական պալատն ապամոնտաժվել է ավելի քան 10 տարի առաջ: