«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի 10–րդ հոդվածի համաձայն կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Նշված հոդվածի 16–րդ կետը սահմանում է, որ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Իսկ 17–րդ կետի համաձայն էլ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

 

Նշենք, որ ի տարբերություն ներկայացված նախագծի, ներկայի օրենսդրական կարգավորմամբ կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե՝ ա) քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների հետ առնչվող հարցեր, բ) ՀՀ Սահմանադրության 59–րդ հոդվածով նախատեսված դեպքերում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նախագծին ծանոթանալուց հետո տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները խորհրդարանական համակարգին անցնելուց հետո կարծես թե մտադիր են ավելի փակ աշխատել:

«Կառավարության աշխատանքի առումով եմ սա նշում, որովհետև այստեղ շեշտադրումներ են փոխվել: Ի տարբերություն նախորդ օրենքի, այստեղ նախևառաջ ընդգծվում է, որ նիստերը դռնփակ են և միայն վարչապետի որոշմամբ կարող են դռնբաց լինել: Սա շատ նկատելի փոփոխություն է, որը չի խոսում կառավարության թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին: Բնական է, որ կառավարության աշխատանքը լուսաբանելու առումով լրատվամիջոցների գործունեությունն ավելի կբարդանա: Նոր նախագծով տեղեկատվության ազատության որոշակի սահմանափակում է նախատեսվում, մինչդեռ նախորդ օրենքը շատ ավելի ընկալելի էր, և խոսում էր թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին: Նոր օրինագիծն այս առումով կարելի է ռեգրեսիվ համարել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ԽԱՊԿ նախագահը:

Ինչ վերաբերում է 10–րդ հոդվածի վերոնշյալ 17–րդ կետին, Աշոտ Մելիքյանը շեշտեց, որ տեղեկատվության ազատության առումով այդ կետը ևս լուրջ խոչընդոտ կարելի է համարել. «Կառավարության անդամը բարձրաստիճան պաշտոնյա է: Նա շատ լավ պետք է հասկանա, և կարծում եմ՝ հասկանում է, թե ինչ կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ: Իսկ վարչապետի թույլտվությանը սպասելը, թույլտվություն ստանալու անհրաժեշտությունն օրենսդրորեն ամրագրելը կառավարության ներսում տեղի ունեցող հարաբերություններին մանկապարտեզի տեսք են տալիս: Կարծում եմ՝ կառավարության անդամը պետք է ազատ լինի և ինքը որոշի՝ ինչը պետք է ասել մամուլին, ինչը հրապարակել, ինչը՝ ոչ: Օրենքում մեկ այլ դրույթ էլ կա, ըստ որի կառավարության անդամի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն կառավարության ընդհանուր քաղաքականությանը: Այս դրույթն ամրագրելուց հետո 17–րդ կետն ուղղակի ավելորդ էր»»:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: