«Կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն փակ, որովհետև հարցը վերաբերում է մեր բանակին,. անվտանգությանը, իսկ մենք չգիտենք, թե ինչ կարող ենք լսել և ինչ կարող ենք իմանալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի կողմից կայանալիք քննարկումներին: Հարցին, թե նիստերն ամբողջությա՞մբ են փակ լինելու, թե՞ ոչ միշտ, Աժ փոխնախագահը նշեց. «Ընթացքում կհասկանանք, բայց ըստ իս՝ ամբողջությամբ փակը ճիշտ է»:
Անդրադառնալով նրան, թե ընտրական օրենսգրքի ընդունումն ինչու է հետաձգվում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հաշվի առնելով այն, որ մենք համապետական ընտրություններ մոտ ապագայում չունենք, այդ պատճառով փորձում ենք մեկ անգամ ևս կարդալ, հասկանալ, թե ինչ բացթողումներ կամ սխալներ կան: Ժամանակին քննադատել ենք ռեյտինգային համակարգը, ընտրական օրենսգիրքը, հիմա ուզում ենք ներկայացնել այնպիսի օրենսգիրք, որը քաղաքական դաշտում որևէ մեկի մոտ երկրորդական կարծիք չի ձևավորի: Մի խոսքով, ավելի լավ ենք ուզում վերանայել: Միանշանակ, հաջորդ ընտրություններին նոր ընտրական օրենսգրքով ենք լինելու»,- ասաց նա:
Հարցին, թե Ապրիլյան պատերազմի համար քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին ինչո՞ւ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն տեղյակ չեն եղել, Աժ փոխնախագահը պատասխանեց. «Այդ՝ իրենց պնդմամբ գաղտնի և ծածուկ ձևով մեր երկու թևի գործընկերներն էլ՝ ԲՀԿ-ն էլ, ԼՀԿ-ն էլ՝ աշխատել են նախկին համակարգի ժամանակ: Կարող եմ փաստել, որ դա մեր գործելաոճը չէ, մենք գաղտնի չենք աշխատում, գաղտնի ոչինչ չենք անում: Եթե որևէ բան մեկ օր շուտ պիտի ասեինք, բայց չենք ասել, ապա դա մենք մեկ օր շուտ կասենք, որպեսզի փարատեմ մեր գործընկերների մտահոգությունները այն առումով, որ ինչ պետք է քննարկվի՝ քննարկվելու է և իրենք մտածելու բան չունեն»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
Սիլվի Տիգրանյան