«Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը լինելու է հենց Աժ պաշտպանության հանձնաժողովը և ոչ մի ուրիշ մարդ»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Պատգամավորը շեշտեց` միանշանակ ներգրավված են լինելու նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների այն գործընկերները, ովքեր Պաշտպանության հանձնաժողովից են:
 
Քրիստինե Պողոսյանն ասաց, որ այսօրվանից սկսվելու է քննիչ հանձնաժողովի գործունեությունը. «Ես ևս այդ հանձնաժողովի անդամ եմ և այո՛, կա որոշում, որ դռնփակ պիտի լինեն նիստերը: Դա միանշանակ պայմանավորված է մեր ազգային անվտանգությամբ, որովհետև ինֆորմացիաները գուցե այնպիսին լինեն, որ չի կարելի հանրայնացնել»,-ասաց նա:
Հարցին, թե իրենց ընդդիմադիր գործընկերները նոր են տեղեկացել հանձնաժողովի, դրա դռնփակ լինելու մասին, քանի որ երկու ընդդիմադիր խմբակցությունների գործիչներն էլ նշեցին, որ տեղյակ չեն հանձնաժողովի կազմավորման մանրամասներից, պատգամավորն արձագանքեց. «Հանձնաժողովի կազմավորման մասին քննարկումը Աժ-ում եղել է բաց, խոսվել է ամբիոնից: Ես չեմ կարծում, թե նրանք տեղյակ չեն եղել և չգիտեմ, թե ինչու են նման բան ասել: Չգիտեմ, թե ինչու են նրանք նման լուրեր տարածում, որովհետև նիստերի դռնփակ լինելը որոշվել է հենց հանձնաժողով ստեղծելու որոշումից հետո: Անդրանիկ Քոչարյանն է բնականաբար նախագահելու հանձնաժողովում, նա է վարելու նիստը, իսկ նա երեկ է վերադարձել գործուղումից: Նրա բացակայության ընթացքում մենք ոչինչ չենք քննարկել նիստից, որից մեր մյուս գործընկերները տեղյակ չլինեն»,- եզրափակեց Քրիստինե Պողոսյանը` ևս մեկ անգամ նշելով, որ արդեն սկսում են աշխատանքները:
 
Սիլվի Տիգրանյան