Հայաստանի ազգային ժողովի պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու է ձգձգվում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորման գործընթացը: Խորհրդարանական ճեպազրույցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանը նշեց, որ իրենք այդ գործում հապաղել են, որպեսզի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր անդամները իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: «Տեսեք ինչքան համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին:
Ընդդիմադիր մեր գործընկերներից երեքը ստացել են այդ թույլտվությունը, չի ստացել պարոն Ղազինյանը, որը չի էլ ներկայացրել թույլտվության իր համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերի և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենալ: Այնպես որ մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք, որպեսզի ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ «դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք»: Մենք պատրաստ ենք սկսել, երևի մեկ շաբաթ էլ կսպասենք, պարոն Ղազինյանը, գուցե, կողմնորոշվի ինքը հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ: Եվ բնականաբար, մեր խոստումը մենք կկատարենք, դա անխուսափելիորեն պետք է լինի, որ որևէ շահարկում հնարավոր չլինի անել»,- ասաց Քոչարյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին առաջինը հայտարարել է հենց իշխող ուժը և ամենաշատը հենց ՔՊ-ն է շահագրգռված պատերազմի բոլոր դրվագների բացահայտման իմաստով: «Այս համատեքստում ես առհասարակ անհիմն եմ համարում ընդդիմադիր ուժերի նման որակումները, որ մեր կողմից որոշակի ձգձգումներ են լինում: Ընդհակառակը՝ ընդդիմության ներկայացուցիչների՝ պահանջներին չբավարարելու պատճառով պրոցեսն այս պահին դանդաղում է»,- ասաց Հովհաննիսյանը: