Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի այսօրվա նիստից հետո հայտնեց, որ հրավիրված էր շատ կարեւոր զինվորական, որը ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա մեր զինված ուժերում կարևոր պաշտոն է զբաղեցնում:
 
«Այսօրվա հրավիրյալն առնչություն ունեցել է ՊԲ-ի հետ, մեր ամենաարժեքավոր զինվորականներից է՝ ե՛ւ փորձառության, ե՛ւ գիտելիքների առումով։ Այսօրվա քննարկումը հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնելու այն ժամանակվա մեր կարեւոր ծառայություններից մեկի թիրախային ուսումնասիրության հատվածը»,- նշեց Քոչարյանը։
 
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քննարկել են այն ժամանակվա իր ոլորտին վերաբերող խնդիրներ, ստացել են պատասխաններ եւ այդ պատասխաններն ավելացրել իրենց արդեն իսկ հավաքագրած տեղեկատվությանը:
 
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հաստատվեցին այն կասկածները, որ հետախուզությունն իմացել է հնարավոր հարձակման մասին, բայց գերագույն-գլխավոր հրամանատարությունը այդ տեղեկությանն ուշադրություն չի դարձրել, Քոչարյանը պատասխանեց.
 
«Մենք կասկածների հաստատման փուլեր չենք նախանշում, մենք կատարում ենք ուսումնասիրություններ, որոնք առնչվում են բոլոր ուղղություններին եւ ինչ վերաբերում է այդ օրերին մեր բանակի գործողություններին, դրանց պլանավորմանը, իրականացմանը, նաեւ կարեւորագույն ստորաբաժանումներին, որոնց մեջ հետախուզական ծառայությունն էլ է։ Ինչ վերաբերում է, թե կասկածները փարատվեցին, թե ավելացան, մենք ընդամենը շարժվում ենք առաջ»։
 
Ճշտող հարցին՝ հրավիրյալը հաստատե՞ց հանգամանքը, որ տվյալներ ունեցել են, բայց որոշակի գործողություններ չեն ձեռնարկել, որովհետեւ ունեցել են հրաման, Քոչարյանը պատասխանեց, որ հետախուզությունները մշտապես տիրապետում են իրավիճակին:
 
«Ամեն ծառյություն պետք է իրականացնի ֆունկցիոնալ իր պարտականությունները, որի արդյունքում որոշում կայացնողները պետք է ճիշտ որոշումներ կայացնեն։ Հետախուզությունը եւ բանակի մյուս կառույցները շատ կարեւոր են, եւ կարեւոր է, որպեսզի նրանք գործեն սինխրոնիզացված, եւ բանակի կառույցները հիմնականում գործել են սինխրոնիզացված։ Այլ բան, որ հարց է՝ արդյոք որոշումները ժամանակային առումով համահունչ են եղել որոշումների տվյալ պահին, թե ոչ։ Դրա համար էլ ստեղծված է այս հանձնաժողովը, եւ բանակի այսօրվա ղեկավարության կառավարման տրամաբանության մեջ կա փոփոխություն, որ քաղաքական պատվերը բանակն ուժեղացնելու, սպայակազմի հմտությունները նպատակային բարձր շեշտադրումներով օգտագործելուն է միտված»,- նշեց պատգամավորը։
 
Հետախուզության տվյալների հետ կապված հակասությունների մասին խոսելիս Քոչարյանն անդրադարձավ Արտակ Զաքարյանին և մեկնաբանեց Զաքարյանի այն պնդումը, թե հարձակումն անակնկալ է եղել:
 
«Ես ափսոսում եմ, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալ է եղել, եթե անակնկալ չլիներ, հաստատ մենք լրիվ այլ վիճակում կլինեինք։ Ընդհանրապես, պաշտպանության գերատեսչության ղեկավարները պետք է երբեք անակնկալի չգան, նրանք պետք է միշտ պատրաստ լինեն եւ իրենց պատրաստ լինելը նշանակում է բանակի ստորաբաժանումները պահել պատրաստ վիճակում, իսկ կառավարման մեջ սինխրոնիզացիան բերում է լիարժեք հաջողության։
 
Էսօր մենք ավելի պատրաստված ենք եւ կարծում եմ՝ այսօրվա բանակի ղեկավարությունը դժվար թե անակնկալի գա, եւ այսօր դուք հաստատ չեք լսի որեւէ մի ղեկավարի, որն ասի՝ մեր համար Ադրբեջանի այս ինչ մտահաղացումը կարող է անակնկալ լինել: Մենք պետք է ուշադիր լինենք հակառակորդն ինչ սպառազինություն է ձեռք բերում, եւ բանակն ինչպես է իր կարողություններն ավելացնում՝ այդ սպառազինությունը գործողությունների մեջ չեզոքացնելու առումով»,- ասաց Քոչարյանը։
 
Քոչարյանի պնդմամբ՝ այսօրվա եւ 2016 թվականի իրողությունների միջև հենց այս դրույթում է տարբերությունը, որ ՊՆ նախկին տեղակալի համար թշնամու հարձակումը կարող էր անցյալում անակնկալ լինել:
 
«Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ որոշակի տեխնիկայի մեջ վառելիք չի եղել, այս ամիսներին մենք նաեւ այդ հարցերին ենք փորձել պատասխաններ գտնել: Այս պահի դրությամբ չենք լսել որևէ դեպք, որ սպառազինությունը պակաս է եղել: Կարեն Կարապետյանին լսելուց առաջ դեռ էլի մարդիկ կան ավելի կարեւոր, որոնց պիտի հրավիրենք ու լսենք»,- ասաց Քոչարյանը։