Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը փակ նիստում հրավիրել է 2016-ի գործողությունների մասնակից ժամկետային զինծառայողի, ով հանձնաժողովի անդամներին տրամադրել է շատ կարևոր տեղեկություն: Այս մասին հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մենք այսօր հրավիրված անձի կողմից ստացանք շատ կարևոր ինֆորմացիա: Խոսքը վերաբերում է առաջնագծում եղած իրավիճակին: Մարդ էր, որը ավելացրեց մեր իմացությունը Ապրիլյան դեպքերի մասին, մարդ, որն անմիջական մասնակցություն է ունեցել առաջնագծում »,- ասաց Քոչարյանը:
Հրավիրված անձի մասին այլ մանրամասներ նա չհաղորդեց, նշեց միայն՝ առաջնագծի հերոսապատումը կերտած զինվորներից մեկն է: Հարցին, թե նա այդ ընթացքում ժամկետային զինծառայող է եղել, Քոչարյանը դրական պատասխան տվեց:
Քոչարյանի խոսքով՝ նիստում աշխատանքների ընթացքում ուսումնասիրել են, թե առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել:
Անդրադառնալով հանձնաժողովի փակ նիստերին արդեն հրավիրված ու հրավիրվելիք անձանց՝ նա նշեց, որ ունեն հրավիրյալների հաստատած ցանկ, որը չի պակասել, հակառակը՝ ավելացել է: Քոչարյանի խոսքով՝ մինչ այս հանձնաժողովի նիստերին հրավիրվել են այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անուններ չհրապարակեց:
Հանձնաժողովն ակտիվ աշխատել է նաև ամռանը, աշխատել է մեծ քանակի նյութերի ու մարդկանց հետ: Քոչարյանը վստահեցրեց՝ օր օրի հանձնաժողովը դառնում է ավելի պրոֆեսիոնալ: Հանձնաժողովի նախագահը նշեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի ՊՆ-ում որևէ թերացում չլինի ապագայում: