ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերով նիստերին ներկայանան նաև տեղեկատվություն ունեցող, սակայն հանձնաժողովի գործունեության ընթացքում պաշտոնավարումը դադարեցրած անձինք: Հովհաննիսյանը նման առաջարկով հանդես եկավ հանձնաժողովի արտահերթ նիստում:

«Քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկման առարկա էր դարձել այն հանգամանքը, որ պաշտոնատար անձանց համար քննիչ հանձնաժողովի նիստերին ներկայանալը պարտականություն է: Այն անձանց համար, ովքեր տիրապետելով համապատասխան տեղեկատվությանը կամ լինելով հանձնաժողովի համար կարևոր տեղեկություններ կրող անձ, պաշտոնից ազատվելուց հետո նիստերին ներկայանալը պիտի լինի ոչ թե պարտավորություն, այլ իրավունք»,-առաջարկեց Արփինե Հովհաննիսյանը:

 

Նա նշեց՝«Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն այդ հարցը բարձրաձայնել էր նախորդ նիստին, և ինքը ներկայացրեց այդ առաջարկությունը: Կանոնակարգ օրենքի 22-րդ հոդվածն առաջարկեց  լրացնել 1.1 մասով, առաջարկեց դրանում նշել հետևյալը՝ սույն հոդվածի առաջին մասում նշված, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո:

ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողով» ստեղծելու համար: Ստեղծված հանձնաժողովը քննելու է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել էր սեպտեմբերի 19-ին: Դրա կազմում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը: